Ադրբեջանի  հերթական անսկզբունքայնությունը
Տնտեսություն
10:22 13/05/2011

Ադրբեջանի հերթական անսկզբունքայնությունը

Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը  մայիսի 16-ին հանդիպում կունենա իր իսրայելցի գործընկերոջ` Մոշե Կախլոնի հետ: Հանդիպման ընթացքում վերջինները  քննարկելու են տեղեկատվական-հաղորդակցական  ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկատվության` Իսրայելի կապի նախարարին ուղեկցելու է այդ երկրի գործարարների պատվիրակությունը, որոնք հետաքրքրված են Ադրբեջանի հետ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմամբ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև փակ ձևաչափով ֆորումի անցկացում, որին մասնակցելու են Իսրայելի և Ադրբեջանի ՏՀՏ  20  ընկերությունների ներկայացուցիչներ:

Ուշագրավ է այն փաստը, որ մոտ երկու ամիս առաջ ԱՀ-ը ջանասիրաբար փորձեր էր կատարում ՏՀՏ ոլորտի զարգացման նպատակով համագործակցություն հաստատել ԻԻՀ հետ: Մասնավորապես ադրբեջանական «Դեյերլեր» համացանցային լրատվական գործակալության տարածած տեղեկատվության համաձայն` ԱՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Իլթիմաս Մամեդովի պատվիրակությունը այս տարվա մարտ ամսին պաշտոնական այցով գտնվել է Իրանում: Մամեդովը հանդիպում է ունեցել իրանցի իր գործընկերոջ` ԻԻՀ կապի փոխնախարար Մեհդի Ախավանի հետ: Երկու կողմերի միջև ձեռք է բերվել փոխգործակցության մասին նախնական համաձայնություն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ԱՀ-ը և ԻԻՀ-ն աշխարհագրական առումով գտնվում են շատ նպաստավոր հարևանության դիրքում, ինչի շնորհիվ ՏՀՏ ոլորտում համագործակցությունը կողմերի համար կարող է ապահովել լուրջ եկամուտներ: Կողմերը նաև քննարկել են երկու երկրների սահմանամերձ գոտիներում երկուստեք հեռուստաալիքների եթերային տարածություն ներթափանցելիության խնդիրները:

Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է նաև ԻԻՀ Փոստային ընկերության տնօրենի հետ: Առաջարկվել է զարգացնել համագործակցությունն էլեկտրոնային գործարքների ոլորտում, երկու երկրների տարածքներով իրականացնել փոստային փոխանցումներ և համատեղ տպագրել փոստային դրոշմանիշներ:

Ադրբեջանական պատվիրակության այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև Իրանի "Post Bank" պետական ընկերության նախագահ Մոհամմադ Հասան Մոհեբյանի հետ: Քննարկվել են ԱՀ և ԻԻՀ միջև դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու, ներդրումներ իրականացնելու, համատեղ բանկ հիմնելու, Բաքվում "Post Bank"-ի մասնաճյուղ բացելու, բջջային կապի բանկային ծառայություն ստեղծելու և էլեկտրոնային գործարքներ իրականացնելու խնդիրները:

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ ընդամենը մոտ երկու ամիս անց, չնայած իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, ԱՀ-ը հերթական անգամ դրսևորում է անսկզբունքայնություն՝ ՏՀՏ ոլորտում ևս առավելությունը տալով Իսրայելի հետ համագործակցությանը:

Placeholder
Ադրբեջանի հերթական անսկզբունքայնությունը