Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վ. Հովսեփյան «Հայաստանի ՏՏ ոլորտի պատվիրակության այցը Վրաստան հաջողված էր»
«Հայաստանի պատվիրակության այցը Վրաստան, չնայած մեր վրացական գործընկերների կողմից Բիզնես ֆորումի անցկացման հետ կապված կազմակերպչական որոշ բացթողումների, եղավ հաջողակ և ունեցավ մի շարք դրական արդյունքներ»,-նման կարծիք Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը՝ ամփոփելով Վրաստանում տեղի ունեցած Հայ-Վրացական ՏՏ Բիզնես Ֆորումը։
Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, հայկական պատվիրակության մեջ ներկայացված էր 35 մասնակից` 17 ընկերություններից, ինչպես նաև ՀՀ Սփյուռքի Նախարարությունը։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են վրացական ընկերությունների հետ շահավետ համագործակցության հաստատման և համատեղ տենդերների մասնակցության հարցերը: Ֆորումի ժամանակ հայկական ՏՀՏ ընկերությունները ներկայացրել են նաև իրենց ՏՀՏ լուծումները, քննարկել են համատեղ բիզնես համաժողովներ անցկացնելու հեռանկարները»,-նշեց UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Հայ-Վրացական ՏՏ Բիզնես Ֆորումի ընթացքում մեծ ծավալի աշխատանք են կատարել Հայկական Ծրագրեր ընկերության ներկայացուցիչները ՝ թե իրենց ընկերության գործնական խնդիրները լուծելու, թե` գործնական ներկայացումներով հայկական պատվիրակության կողմից լուրջ և հիմնարար մոտեցում ներկայացնելու գործում:
«Գործարար հանդիպումներ ունեցան նաև Westsoft, Memcosoft, Smart-Tech ,Grant Thornton Georgia, Lime-Tech, Altacode, SouthTech Consulting, Inc., Նորք Տեղեկատվական-Վերլուծական Կենտրոն, SFL ընկերության ներկայացուցիչները:
Ինչպես միշտ այցը նաև հնարավորություն ստեղծեց հայկական պատվիրակության մեջ ներառված ընկերությունների միջև երկխոսության հաստատման, ընդհանուր շահերի կարևորման և թիմային աշխատանքի համար»,- տեղեկացրեց UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց վրացական մի շարք ընկերությունների, պետական մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպել վրացական կողմի մասնակցությունը Digitec Business Forum-ին, ներառելով վրացական պատվիրակության կազմի մեջ Վրաստանի հատուկ տնտեսական գոտիների, Էլ. Կառավարման գործընթացները համակարգող պետական կառույցների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: