Վաղը տեղի կունենա  համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնության եզրափակիչը
Տնտեսություն
19:51 17/05/2011

Վաղը տեղի կունենա համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնության եզրափակիչը

Մայիսի 4-ին մեկնարկած համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնության եզրափակիչը կկայանա վաղը՝ մայիսի 18-ին։

Ինչպես տեղեկացնում են ԻՏՄՁ մամուլի ծառայությունից, առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին, ովքեր հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և կմասնակցեն լավագույն ՏՏ ընկերություններում նախագծերի իրականացմանը:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվել է 4 փուլով և 7 անվանակարգով` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները, որոնց համար կգնահատվեն ժյուրիի կողմից:

Վաղը 4-րդ` եզրափակիչ փուլում մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ և կորոշվի լավագույն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ:

Հիշեցնենք, որ համակարգչային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերությունը:
 

Placeholder
Վաղը տեղի կունենա համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնության եզրափակիչը