ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը
Քաղաքական
15:42 19/05/2011

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2011թ. մայիսի 19-ի լիագումար նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը խորհրդարանի քաղաքական ուժերի անունից հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Լրացավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17 տարին: Ցավոք, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ արեց նենգափոխել իրողությունը և կասկածի տակ առնել իրավական ուժ ունեցող պայմանավորվածության իսկությունը: Քարոզչական այդ ձեռնարկումն ուղեկցվեց շփման գծում լարվածությամբ, որի հետևանքով արձանագրվեց ԼՂՀ խաղաղ բնակչի` դիպուկահար կրակոցով սպանության փաստ:

Մենք ափսոսում ենք, որ ադրբեջանական կողմի ոտնձգություններն անհրաժեշտ և անհետաձգելի հակազդեցության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որը կոչված է միջնորդություն իրականացնել հակամարտության բոլոր կողմերի միջև` հասնելու վերջնական խաղաղության:

Մեզ համար գնալով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն վիճելի հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն և ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ավելի սրվի:

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը լիովին պաշտպանում են հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում ենք իրենց միջնորդական մանդատը կիրառել ամբողջ ծավալով` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները:

Հակառակ դեպքում իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաև միջնորդների վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը:

 

Placeholder
ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը