Ա. Աշոտյան. Կրթությունն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական շահարկումներ թույլ տալ
Կրթություն, գիտություն
12:05 31/05/2011

Ա. Աշոտյան. Կրթությունն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական շահարկումներ թույլ տալ

«Հուսով եմ Ադրբեջանի և Թուրքիայի իմ գործընկերները կընդունեն իմ հրավերը»,-այսօր դպրոցի տնօրենների ատեստավորման քննությունների կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը իր խոսքում նշեց, որ Հայաստանը 2011 թվականի հուլիսի 1-ից, Լեհաստանի հետ համատեղ հանդիսանալու է Բոլոնյան գործընթացի համանախագահող երկիր և հավելեց, որ դա նշանակում է, որ Հայաստանը այդ 6 ամիսների ընթացքում պատասխանատվություն է կրելու Բոլոնյան տարածքի երկրներում տեղի ունեցող բարեփոխումների, միջոցառումների և այլնի համար:

«Եվ այս պարագայում հուսով եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի իմ գործընկերները կընդունեն մեր հրավերը և կգան Հայաստան, մանավանդ, որ մենք բան ունենք ցույց տալու մեր հարևաններին` թե ինչպիսի գործընթացներ ու բարեփոխումներ են տեղի ունենում Հայաստանում և ինչպիսի միջոցառումներ են կազմակերպվելու Բոլոնյան գործընթացի շրջանակներում»,- ասաց նախարարը:

Ա. Աշոտյանը շեշտեց, որ ի տարբերություն մեր որոշ հարևանների, Հայաստանը չի քաղաքականացնում կրթությունը և, որ դա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական շահարկումներ թույլ տալ: «Եթե մենք խոսում ենք ընդհանուր եվրոպական կրթական տարածքի մասին, ապա ատելությամբ կառուցված բաժանարար գծերը ուղղակի զավեշտալի են: Քաղաքականությունը թողնենք արտաքին գործերի նախարարություններին»:

Նախարարը նկատեց, որ եթե հետո Ադրբեջանը կամ Թուրքիան չհրավիրի Հայաստանի ԿԳ նախարարին, ապա «իրենք մեր բացակայությունից միայն կկորցնեն, ոչ միայն այն պատճառով, որ իմ չհրավիրելու փաստի մասին ես կբարձրաձայնեմ, այլ նաև այն պատճառով, որ եվրոպական հանրույթը չի հասկանա իրենց հակակառուցողական մոտեցումը»:

Բանախոսը անդրադարձավ այն փաստին, որ Ադրբեջանի ներկայիս կրթության և գիտության նախարարը ծնվել է Հայաստանում և ուսանել է Իջևան քաղաքի դպրոցներից մեկում, և այդ հանգամանքը, ըստ Ա. Աշոտյանի, հրաշալի առիթ է Միսիր Մարդանովի համար՝ գալ Հայաստան:

Placeholder
Ա. Աշոտյան. Կրթությունն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական շահարկումներ թույլ տալ