Սուրեն Չախալյան. «Եթե հարկ լինի, Էդգար Մանուչարյանը կարող է փոխարինել Յուրա Մովսիսյանին»
Սպորտ
14:50 04/06/2011

Սուրեն Չախալյան. «Եթե հարկ լինի, Էդգար Մանուչարյանը կարող է փոխարինել Յուրա Մովսիսյանին»

Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանն այն կարծիքին է, որ ազգային հավաքականն արդյունք ապահովել է հարձակողական խաղի շնորհիվ և Ռուսաստանի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղում չպետք է ապավինի պաշտպանությանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց նաև, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մտնելու հնարավորությունը լավագույն մոտիվացիան է հայ ֆուտբոլիստների համար:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք մեր ազգային թիմից Ռուսաստանի հավաքականի հետ խաղում:

- Ինձ թվում է, որ շատ դիտարժան խաղ է լինելու: Այսօր մեր թիմն ի վիճակի է հաղթել Ռուսաստանի հավաքականին: Հաջողության կարող ենք հասնել առաջին հերթին թիմային շաղի շնորհիվ: Շատ ամուր և համերաշխ կոլեկտիվ ունենք, որը խաղով ու արդյունքներով արդեն բարձրաձայնել է իր մասին:

Նախորդ խաղի համեմատությամբ մեր ֆուտբոլիստներն այժմ ավելի լավ վիճակում եմ, որովհետև Հայաստանի առաջնությունն արդեն մտել է հունի մեջ: Լեգեոներներն ավարտել են մրցաշրջանը, սակայն դեռ չեն կորցրել լավ մարզավիճակը: Յուրա Մովսիսյանը միայն խաղային պրակտիկայի պակաս ունի, բայց նա կարող է կենտրոնանալ և կոնկրետ մեկ հանդիպում անցկացնել շատ բարձր մակարդակով: Հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի: Բոլորն էլ հասկանում են խաղի կարևորությունը: Հույս ունեմ, որ Ճակատագրի աստվածուհին բարեհաճ կլինի մեր հավաքականի նկատմամբ, որը Սանկտ Պետերբուրգում պետք է որ ավելի լավ խաղ ցուցադրի, քան Երևանում:

- Տա Աստված, որ Յուրան կարողանա դրսևորել իր լավագույն որակները: Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ նրա խաղը չի ստացվում, ո՞վ կարող է փոխարինել նրան:

- Էդգար Մանուչարյանը: Նա միջազգային հանդիպումների մեծ փորձ ունի, քան հրավիրված մյուս խաղացողը` Զավեն Բադոյանը: Վերջինս նորեկ է և դեռ կհասցնի խաղալ հավաքականում, իսկ միանգամից այսպիսի մակարդակի խաղում… Բայց նույնիսկ այդ տարբերակը ես չեմ կարող բացառել: Հնարավոր է, որ Զավենը մտնի խաղադաշտ և նորմալ խաղ ցուցադրի: Բայց, իմ կարծիքով, դա ռիսկի հետ է կապված:

- Էդգար Մանուչարյանն ավելի շատ եզրում է գործում, քան կենտրոնական հարձակվողի դիրքում:

- «Փյունիկում» նա երբեմն խաղի ընթացքում փոխում է դիրքը և հայտնվում կենտրոնական հարձակվողի դիրքում: Այնպես որ, որոշակի փորձ ունի:

- Մրցակցի դաշտի գործոնը բացասաբար չի՞ անդրադառնա մեր թիմի խաղի վրա:

- Ոչ այդքան: Առաջին անգամ չենք դրսում նման կարգի միջազգային հանդիպում անցկացնում: Մենք պետք է մոռանանք դա և մտածենք միայն մեր խաղի մասին: Իսկ եթե հաջողվի ցուցադրել այն ֆուտբոլը, որը մեր ընտրանին կարողանում է խաղալ, ռուսների համար շատ դժվար կլինի: Հայաստանի հավաքականն այսօր ունի խաղաոճ և մարտավարություն:

- Մեր ֆուտբոլիստներն ումի՞ց պետք է ավելի շատ զգուշանան:

- Որևէ մեկին չարժե առանձնացնել: Ռուսաստանի հավաքականը շատ հզոր թիմ է` համալրված բարձրակարգ ակումբներ ներկայացնող խաղացողներով: Պետք է զգուշանալ ողջ թիմից:

- Հայ ֆուտբոլիստների համար ո՞րն է լավագույն մոտիվացիան:

- Հայաստանի հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու հնարավորություն ունի, և դա լավագույն մոտիվացիան է: Վստահ եմ` նրանք կներդնեն իրենց ողջ ուժերը` հաղթանակի հասնելու համար: Այսպիսի պատմական հնարավորություն մենք երբեք չենք ունեցել, և ֆուտբոլիստները շատ են կարևորում դա: Բացի այդ, նրանք գիտեն, որ երկիր են ներկայացնում, սիրում են իրենց հայրենիքը և ամեն ինչ կանեն` Հայաստանին տոն պարգևելու համար: Ի դեպ, ես չեմ կարծում, որ մեր թիմը կխաղա պաշտպանությունից: Մեր հավաքականին բնորոշ է հարձակողական, այլ ոչ թե պաշտպանողական ֆուտբոլը: Փորձը ցույց է տվել, որ հենց այդ մարտավարությունն է արդյունք ապահովում:
 

Placeholder
Սուրեն Չախալյան. «Եթե հարկ լինի, Էդգար Մանուչարյանը կարող է փոխարինել Յուրա Մովսիսյանին»