Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարկեսին Հայաստան այցելելու հրավերն ուղարկվել է. Ֆերեշեթյանը հույս ունի գրողին տեսնել Երևանում
Հայաստանի Մշակույթի նախարարությունը կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան այցելելու հրավերը պաշտոնապես ուղարկել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նախարարության լրատվական ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ նախարարությունն այս քայլին դիմեց ֆեյսբուքահայերի ակտիվ ճնշմամբ. նրանք սոցիալական ցանցում խումբ էին ստեղծել «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» անվանումով, որը նախարարությանը կոչ էր անում կոլումբիացի գրողին հրավիրել 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևան:
«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով և ոչ միայն մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գրասիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը: Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, որպեսզի Դուք և Ձեր գլխավորած ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկեք Գարսիա Մարկեսին», -ասված էր նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված նախաձեռնող խմբի նամակում
Գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը նախաձեռնությունը դրական է գնահատում, բայց քիչ հույսեր ունի, թե Մարկեսը կհամաձայնի գալ Երևան: «Նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է կարող է չգա: Բայց եթե գա, լավ կլինի: Հնարավոր է գա, որովհետև վերջերս Մոսկվա գնացել էր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թարգմանիչը:
Նա հետևել է Մարկեսի հարցարզույցներին և գիտե, որ կոլումբիացի հայտնի գրողը շատ է շփվել հայերի հետ: «Անգամ նրան ասել են` դուք հային շատ նման եք, նա էլ պատասխանել է, թե չի բացառվում, որ նախնիներիս մեջ հայեր էլ եղած լինեն», -Մարկեսի հարցազրույցից պատառիկներ փոխանցեց Վարդան Ֆերեշեթյանը` նկատելով, որ դա հաշվի առնելով Մարկեսը ցանկություն կունենա գալ Հայաստան, բայց արդյո՞ք ի վիճակի կլինի: