Գեղարքունիքում դպրոցական սնունդ ծրագիրը կշարունակվի ևս երկու տարի
Կրթություն, գիտություն
12:38 25/06/2011

Գեղարքունիքում դպրոցական սնունդ ծրագիրը կշարունակվի ևս երկու տարի

Գեղարքունիքում ներդրված դպրոցական սնունդ ծրագիրը մարզում կշարունակի գործել մինչև 2013 թվականը: Մարզպետարանից տեղեկացանք, որ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հովանավոր կողմը ներկայացրել է մի նոր նախագիծ, ըստ որի առաջարկվում է մարզի որևէ տարածքում ստեղծել կենտրոնացված մի համակարգ, որտեղ կպատրաստվի ծրագրից օգտվողների սնունդն ու կառաքվի դպրոցներին:

Նշենք, որ հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունել է ՌԴ սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի փորձագետ Մասլով Սերգեյ Վլադիմիրովիչին, նույն ինստիտուտի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներին:

Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի հանրակրթական դպրոցներում պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ իրականացվող սնունդ ծրագրի ընթացքին, դպրոցների խոհանոցներում առկա պայմաններին: Մարզի ղեկավարի հետ ՌԴ փորձագետը քննարկել է ծրագրի արդյունավետության ինչպես նաև ընթացիկ խնդիրների հետ առնչվող հարցեր:

Պատրաստի սննդամթերքից, ըստ նախագծի, դպրոցներում, արդեն վճարովի հիմունքներով կարող են օգտվել նաև բարձր դասարանների աշակերտները, հավելել է Սերգեյ Վլադիմիրովիչը: Նվեր Պողոսյանը կարևորել է դպրոցականներին լրացուցիչ սնունդ տրամադրելու գործընթացը, ինչն ըստ նրա մեծ խթան է հանդիսանում մարզի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների ուսման որակի բարելավմանը և պատրաստակամություն հայտնեց աջակցել նոր նախագծի իրականացմանը` այն քննարկումների ենթարկելուց հետո:

Հիշեցնենք, որ այս մարզի դպրոցներում ներդրված ծրագրի իրականացման վերաբերյալ բողոքներին Panorama.am-ն անդրադարաձել է մի քանի անգամ:

Նախորդող հրապարակումներ`
«Դպրոցական սնունդ». Սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ լրացուցիչ բեռ ծնողների համար

«Դպրոցական սնունդ». Փոխադարձ հակադարձումները շարունակվում են 

Placeholder
Գեղարքունիքում դպրոցական սնունդ ծրագիրը կշարունակվի ևս երկու տարի