Հոկտեմբերի 10-11-ին Երևանում կկազմակերպվի «ԱրմԹեք Կոնգրես 2011» բարձր տեխնոլոգիաների գլոբալ գործարար համաժողով
Տնտեսություն
12:30 16/07/2011

Հոկտեմբերի 10-11-ին Երևանում կկազմակերպվի «ԱրմԹեք Կոնգրես 2011» բարձր տեխնոլոգիաների գլոբալ գործարար համաժողով

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող ԱրմԹեք Կոնգրես 2011 բարձր տեխնոլոգիաների գլոբալ գործարար համաժողովն այս տարի կկայանա հոկտեմբերի 10-11-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

ԱրմԹեք Կոնգրեսը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը:

ԱրմԹեք Կոնգրես 2011-ին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարարներ, ինչպես նաև հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: ԱրմԹեք Կոնգրես 2011-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների
հանդեպ:

Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ՏՏ և Բարձր Տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ 
ՏՏ և Բարձր Տեխնոլոգիաների գործարար միջավայրը Հայաստանում,
Բարձր տեխնոլոգիաների դերը գիտակրթական համակարգում, Հեռահաղորդակցություն, Տարածքային զարգացում, Էլ. հասարակության ձևավորում,
ԱրմԹեք Կոնգրեսի ռազմավարություն: Համաժողովի ընթացքում կներկայացվեն թե՛ այդ ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները և թե՛ այդ ոլորտների ձեռքբերումները:

Placeholder
Հոկտեմբերի 10-11-ին Երևանում կկազմակերպվի «ԱրմԹեք Կոնգրես 2011» բարձր տեխնոլոգիաների գլոբալ գործարար համաժողով