Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխան Զաքարյան. «Համահայկական խաղերի օրերին Երևան կայցելեն 10 հազար զբոսաշրջիկներ»
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կատարված նախապատրաստական աշխատանքների մասին` անդրադառնալով ինչպես բացման ու փակման արարողությունների ծրագրերին, այնպես էլ այն մարզահամալիրների ու մարզադաշռտերի թեմային, որտեղ պետք է անցկացվեն մրցումները:
«Համահայկական խաղերի գաղափարը Հայրենիք-Սփյուռք երիտասարդության կապերի ամրապնդումն է` հատկապես սպորտի միջոցով,- նշեց Ի. Զաքարյանը:- Մասնակիցները ներկայացնում են քաղաքներ և ոչ թե պետություններ:
Այս անգամ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձև` ֆուտբոլ, բասկետբոլ, վոյելբոլ, թենիս, սեղանի թենիս, բադմինթոն, ատլետիկա, լող, շախմատ և մինի ֆուտբոլ:
Մենք արդեն նայել ենք այն բոլոր մարզադահլիճները, որտեղ պետք է կայանան Խաղերը: Ընտրվել են լավագույնները: Հենվել ենք ոչ միայն պետության տնօրինության տակ գտնվող մարզադահլիճների ու մարզասրահների վրա, այլ նաև օգտագործելու ենք այն մարզադահլիճները, որոնք գտնվում են մասնավոր բիզնեսի ոլորտում: Բոլոր կառույցներն էլ Համահայկական խաղերի համար տրամադրվելու են անվճար»:
Ֆուտբոլի մրցումները տեղի են ունենալու Երևանի «Փյունիկ», Ֆուտբոլային ակադեմիայի, «Հրազդան» և Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտերում:
Բասկետբոլի համար ընտրվել են «Միկա», «Գրանդ Սպորտ» և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադահլիճները: Վոլեյբոլիստները կխաղան Խուլ-համրերի մարզապալատում և Հայկական տնտեսագիտական համալսարանի դահլիճում: Թենիսի և բադմինթոնի մրցումները կկազմակերպվեն «Ֆիթնես Օրանժ» համալիրում, սեղանի թենիսը` «Դինամո» մարզահամալիրում, շախմատը` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը, լողը` Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, մինի ֆուտբոլը` Ֆուտբոլի ակադեմիայում և «Գրանդ սպորտ» նորակառույց համալիրում, ատլետիկան` Արտաշատի մարզադաշտում: Նախատեսվել են նաև պահեստային մարզադահլիճներ, որոնք կարող են օգտագործվել մասնակիցների թվաքանակի ավելացման դեպքում:
«Խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 13-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մուտքն ազատ է լինելու ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ հյուրերի համար: Այդ որոշումը մենք կայացրել ենք` հաշվի առնելով, որ սա նաև մեծ տոնահանդես է, և, բնականաբար, մարդիկ պետք է հնարավորություն ստանան անվճար մասնակցել դրան: Բացման արարողությունը բաղկացած է լինելու 2 մասից: Առաջին` սպորտային մասը ներառում է մարզիկների ու մարզիչների երդման, ջահ վառելու արարողությունները: Դրանց կհաջորդի մարզական շքերթը, որին կմասնակցեն բոլոր պատվիրակությունները: Շքերթի ավարտից անմիջապես հետո ՀՀ նախագահը կհայտարարի խաղերի հանդիսավոր բացման մասին: Երկրորդ մասը համերգային ծրագիրն է:
Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն նույնպես բաղկացած կլինի երկու մասից: Առաջին մասի ժամանակ մրցանակակիրները և առանձին անվանակարգերում հաղթած մարզիկները կստանան իրենց մրցանակները, իսկ դրան կհաջորդի համերգային ծրագիրը:
Բացման և փակման արարողությունները հեռարձակվելու են մի քանի հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Սպասվում է, որ Խաղերի օրերին մայրաքաղաք Երևան կայցելեն 10 հազար զբոսաշրջիկներ»,- հայտարարեց Իշխան Զաքարյանը:
Ավելացնենք, որ Համահայկական խաղերն առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կայացել են ուղիղ 12 տարի առաջ: Այդ ժամանակ դրանք անցկացվում էին երկու տարին մեկ անգամ (Համահայկական 1-ին խաղերը տեղի են ունեցել 1999 թ., 2-րդ Խաղերը` 2001 թ., 3-րդ Խաղերը` 2003 թ.): 3-րդ Խաղերից հետո որոշում կայացվեց, որ դրանք այսուհետ կազմակերպվեն այնպես, ինչպես Օլիմպիական խաղերը, այսինքն` 4 տարին մեկ անգամ: 4-րդ Խաղերը կազմակերպվել են 2007 թ.: