Հայաստանն ու Լիբանանը շարունակելու են արդյունավետ համագործակցությունը
Քաղաքական
13:00 05/08/2011

Հայաստանն ու Լիբանանը շարունակելու են արդյունավետ համագործակցությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին կառավարությունում` վարչապետը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տիգրան Սարգսյանը կարևորել է Ժեբրայիլ Ժեարայի աշխատանքը Հայաստանում` երկկողմ հարաբերություների զարգացման և ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժեբրայիլ Ժեարան հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը ևս նպատակաուղղված է ջանքեր գործադրելու` հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ լիբանանյան մի քանի ընկերություներ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ` ապահովագրական և ծառայությունների մատուցման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ և երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:

Placeholder
Հայաստանն ու Լիբանանը շարունակելու են արդյունավետ համագործակցությունը