Աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաևը սպանել է ուսանող Իվան Ագաֆոնովին
Սպորտ
12:42 19/08/2011

Աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաևը սպանել է ուսանող Իվան Ագաֆոնովին

Խառը մենամարտերի աշխարհի եռակի չեմպիոն Ռասուլ Միրզաևը մեկ հարվածով նոկաուտի է ենթարկել մի ուսանողի: 4 օր անց 19-ամյա Իվան Ագաֆոնովը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Life News»-ը:

Հայտնի մարզիկի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում, շաբաթ օրը:

Ականատեսների խոսքերով` Ագաֆոնովն ընկերների հետ միասին եկել է «Գարաժ» գիշերային ակումբ, որտեղ հանգստացել է նաև Միրզաևը:

«Տղաները կանգնել էին ակումբի մոտ և զրուցում էին: Վանյան հրապարակում հեռակառավարվող մեքենա էր պտտեցնում: Հետո մոտեցավ մի աղջկա և նրան առաջարկեց միասին վարել մեքենան: Իսկ վերջինիս կողքին Ռասուլն էր կանգնած: Նա շրջվեց Վանյայի կողմը և հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»: Վանյան պատասխանեց. «Ուզում եմ աղջկան պտտեցնել»: Դրան Ռասուլն այսպես արձագանքեց. «Դե, ինձ պտտեցրու: Նստիր»: Թե ինչու նա այդպես ասաց, ես մինչև հիմա չեմ հասկանում»,- ասել է ականատես Արտյոմը:

Արտյոմը հաստատել է նաև, որ այդ բառերից հետո Միրզաևը կատաղել է և ողջ ուժով հարվածել մեքենային: Ի պատասխան` տղան ինչ-որ կոպիտ բան է ասել չեմպիոնին:

«Ռասուլը մոտեցավ Վանյային և ձախ ձեռքով հարվածեց նրան: Տղան մոտ մեկ մետր բարձրացավ և ընկնելիս գլխով հարվածեց գետնին: Ու վերջ: Մոտ 15 րոպե փորձում էինք ուշքի բերել Վանյային,- ավելացրել է Արտյոմը:- Նա կարծես ուշքի եկավ, բայց սկսեց փսխել»:

Ընկերներն իրենց ուժերով վիրավոր Իվանին տեղափոխում են հիվանդանոց: Նախնական դիտարկումներով բժիշկները լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերում, սակայն արդեն երեք ժամ հետո պարզվում է, որ վնասված է գանգուղեղը: Իվանը հայտնվում է կոմայի մեջ: Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը նա մահանում է առանց գիտակցության գալու:

Այժմ խոսքն իրավապահներինն է…
 

Placeholder
Աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաևը սպանել է ուսանող Իվան Ագաֆոնովին