Սեպտեմբերի 1-ից երեխաներին կտրամադրեն Անկախության տոնին. Նախարարն է հրահանգել
Կրթություն, գիտություն
12:26 30/08/2011

Սեպտեմբերի 1-ից երեխաներին կտրամադրեն Անկախության տոնին. Նախարարն է հրահանգել

Ուսումնական տարին Հայաստանի դպրոցներում սկսելու են մեծ եռանդով. Նախարար Աշոտյանն է հրահանգել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դպրոցներում ՀՀ անկախության 20-ամյակի տրամադրությամբ են դիմավորելու սեպտեմբերի մեկը:

«Բոլոր դպրոցների տնօրեններին նախարարի կողմից իջեցվել են շրջաբերականներ` ակտիվ ուսումնական տարի սկսել: Այդ պատճառով էլ բոլոր ուսումնական հաստատություններում բովանդակային միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց նպատակն է մեր նոր սերնդին տրամադրել Անկախության տոնին», -հավելեց ԿԳՆ պաշտոնյան:

Նոր ուսումնական տարվա նորությունը, ըստ Հովհաննիսյանի, 2-րդ դասարանից շախմատի ուսուցումն է: «Դասարաններն ու կադրերը պատրաստ են», -վստահեցրեց տիկին Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կահավորված են նաև առաջին դասարանցիների դասարանները, իսկ դասագրքերն էլ կհատկացվեն անվճար: Ընդհանրապես, անվճար հիմունքներով դասագրքեր կտրվեն տարրական դասարանների երեխաներին, բացառություն կլինեն օտար լեզուների դասագրքերը: Իսկ 6-րդ դասարանների դասագրքերը երեխաներին կտրվեն վճարովի:

Երեխաները նվեր կստանան նաև օրագրեր, որոնք նրանց հիշեցնելու են, որ Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը: Հովհաննիսյանի խոսքով, դրանց վրա լինելու է Հայաստանի օրհներգը, ՀՀ պետական զինանշանը:
Նկատենք, որ Մշակույթի նախարարությունում մտադիր են փոխել ՀՀ օրհներգը և դրա համար նույնիսկ մրցույթ է հայտարարված:

Placeholder
Սեպտեմբերի 1-ից երեխաներին կտրամադրեն Անկախության տոնին. Նախարարն է հրահանգել