Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիկ Դարչինյան. «Առանց ՀՀ նախագահի աջակցության մարտի կազմակերպումն անհնար կլիներ»
«Ես միշտ ցանկացել եմ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ անցկացնել, ուստի շատ ուրախ եմ, որ դա վերջապես իրականություն դարձավ: Մարտը բարձր մակարդակով կազմակերպվեց»,- «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը:
Հայ մարզիկը, ով իր ելույթներով Հայաստանին միայն փառք է բերել, շատ հիասթափված է որոշ լրատվամիջոցների արձագանքից: Ոմանք գրել են, թե ինչու է նա գոտին նվիրել Հայաստանի Հանրապետության նախագահին, նույնիսկ նշել են, թե մարզադպրոցի կառուցման համար Վիկ Դարչինյանին Երևանում տարածքն անվճար է հատկացվել:
Բացատրելով ստեղծված իրավիճակը` Դարչինյանը շեշտեց, որ առանց Հանրապետության ղեկավարի աջակցության և բարի կամքի բարձր մակարդակի մարտի անցկացումը Հայաստանում անհնար կլիներ:
«1,5-2 ամիս առաջ ես ՀՀ նախագահին տեղեկացրեցի, որ նման գաղափար ունեմ, և այն ընդունվեց: Մենամարտի վերջում իմ գոտին նվիրեցի հանրապետության նախագահին: Ինչո՞ւ… Դուք տեղյա՞կ եք, որ մարտի կազմակերպման շահագրգիռ կողմերն ընդունեցին Հայաստան գալու տարբերակը միայն այն ժամանակ, երբ տեղեկացան, որ նախագահն էլ է ներկա լինելու: Դա բնական է. նրանք վախենում էին, որ կարող ենք չապահովել մենամարտի անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
ՀՀ նախագահի աջակցության շնորհիվ միայն նրանք ավելի վստահ որոշում կայացրեցին: Ինչ վերաբերում է տարածքին, այն անվճար չէ: Լավ է, որ հատկացվելու է ավելի մատչելի գնով, և ես էլ իմ կողմից դեռ շատ ներդրումներ պետք է կատարեմ, որպեսզի մարզադպրոցը կառուցվի: Մի՞թե ավելի լավ չէ, որ երեխաները կտրվեն փողոցից և մարզվեն… Ես արդեն նշել եմ, որ մենամարտի անցկացման համար հովանավորներ կային: Խորին շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության համար` պետք է շեշտեմ նաև, որ անձամբ ես շատ ավելի մեծ գումարներ եմ ծախսել: Կարող էի ոչինչ չանել, մենամարտել Ամերիկայի Միացյալ նահանգներում, վաստակել լուրջ գումարներ և զերծ լինել նման խոսակցություններից ու մեղադրանքներից», -դառնացած ասաց Վիկ Դարչինյանը:
Հայ չեմպիոնը շեշտեց նաև, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում հռչակավոր շատ մարդիկ են ժամանել Երևան և տպավորված են Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպված մարտի մակարդակով:
«Հայաստան էին ժամանել IBO-ի ղեկավար կազմի, ինչպես նաև տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, իմ պրոմոուտեր Գերրի Շոուն և այլոք: Բոլորին էլ հետաքրքրում էր, թե ինչպես է կազմակերպվելու մարտը: Շատ եմ ուրախացել, որ դրական կարծիք է ձևավորվել: Արդեն Հայաստանի հետ կապերը խորացնելու և ապագայում այստեղ նոր մենամարտեր անցկացնելու մտադրություններ ունեն: Մի խոսքով` տպավորված են հեռացել Երևանից,- շեշտեց Վիկը:
Անդրադառնալով Մբամբայի հետ մարտի ընթացքին` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նշեց, որ իր մրցակիցը շատ լավ էր պատրաստված:
«Շատ էի ուզում նոկաուտի ենթարկել, բայց չստացվեց,- խոստովանեց Դարչինյանը:- Երևի լավ եղավ, որ նոկաուտ չգրանցվեց: Կարող էին ասել, որ միտումնավոր թույլ մրցակից եմ ընտրել և այլն: Մինչդեռ Մբամբան շատ լավ հակառակորդ էր: Նույնիսկ զարմացել էի, որ ոչ միայն չի ընկնում, այլև իմ հարվածներից հետո փորձում է հակագրոհել»
IBO-ի վարկածով չեմպիոնը չի մտածում կարիերան ավարտելու մասին: Նա նման որոշում կկայացնի միայն այն ժամանակ, երբ կհոգնի մարզվելուց:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներից արդեն կապվել են իմ մենեջերի հետ` ինչ-որ լավ գոտու համար դեկտեմբերին մենամարտ կազմակերպելու նպատակով: Հնարավոր մրցակցիս անունը դեռ չեն ուզում հրապարակել: Հավանաբար, նրանք նույնպես տեղյակ են, որ Հայաստանում կազմակերպված մարտը շատ բարձր մակարդակով է անցել, ինձ չկորցնելու համար որոշել են կրկին հրավիրել Ամերիկա: Բայց ես չգիտեմ, թե այդ մարտը որ քաշային կարգի շրջանակներում է լինելու: Եթե որոշեմ տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ, միանգամից չեմպիոնական մարտի հնարավորություն կունենամ»,- ավելացրեց Վիկ Դարչինյանը:
ԶԼՄ-ների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանն ու Գաբրիել Տոլմաջյանը, ովքեր նույնպես սեպտեմբերի 3-ին մենամարտեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վիկ Դարչինյանն արդեն ստանձնել է Ազատի մենամարտերի կազմակերպման գործը, պատրաստվում է օգնել նաև Գաբրիել Տոլմաջյանին ու Հովհաննես Ժամկոչյանին: Բոլորն էլ, ըստ մեր չեմպիոնի, ապագա ունեն և պետք է շարունակեն քրտնաջան աշխատել` բարձր մակարդակի հասնելու համար: