«Փոքր Մհեր»-ում հյուրընկալել են հանրապետության նախագահին
Կրթություն, գիտություն
13:40 14/09/2011

«Փոքր Մհեր»-ում հյուրընկալել են հանրապետության նախագահին

«Փոքր Մհեր» կրթահամալիրում այսօր աշխուժություն է, տոնական տրամադրություն: Ռազմաուսումնական կենտրոն է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, դիտեց սաների ռազմաուսումնական վարժությունները, այնուհետ ներկա գտնվեց կրթահամալիր նոր ընդունված սաների երդման արարողությանը և այդ կապակցությամբ շնորհավորեց նրանց: Երդվելուց հետո հերթը հանդիսավոր քայլերթինն էր:

Այնուհետ կրթահամալիրի ղեկավարությունը երկրի ղեկավարին ներկայացրեց կրթահամալիրի ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները: Այսօր կրթահամալիրի 6-12-րդ դասարաններում սովորում են 265 տղաներ: Սկզբնական շրջանում, սաների հիմնական մասը որբ երեխաներ էին, այսօր նրանք 20 տոկոս են կազմում:

Կրթահամալիրը որպես հիմնադրամ ստեղծվել է կառավարության որոշմամբ 2001-ին, 2002-ի սեպտեմբերի մեկից 40 հայկազուներով սկսել է ուսումնական գործունեությունը` նպատակ ունենալով ստեղծել գիշերօթիկ հաստատություն որբ, թափառաշրջիկ ու մուրացիկ տղաների համար: 2004-ին կառավարության որոշմամբ հիմնադրամից վերածվում է ՊՈԱԿ-ի` հնարավորություն ստանալով պետբյուջեից ստանալ ֆինանսական միջոցներ:

2005-2009 թթ ընթացքում կրթահամալիրն ավարտել է 109 հայկազուն, նրանից 53-ը ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նշենք, որ ավելի ուշ Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցը միացվել է կրթահամալիրին:

Սերժ Սարգսյանը վերջին անգամ կրթահամալիր էր այցելել 2007-ի դեկտեմբերի 2-ին: Այն ժամանակ համալիրն ուներ մի շարք խնդիրներ` գազաֆիկացված չէր, ջեռուցման համակարգ չկար, տարածքը բարեկարգված չէր, լիարժեք գործունեության համար անհրաժեշտ գույք չկար: Խնդիրները ներկայացվել են երկրի ղեկավարին, տրվել են հանձնարարականներ, ինչպես այսօր պարզ դարձավ, խնդիրները լուծված են:

Նշենք, որ այսօր ՀՀ ղեկավարին ուղեկցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
 

Placeholder
«Փոքր Մհեր»-ում հյուրընկալել են հանրապետության նախագահին