«France Telecom»-ը գնո՞ւմ է «MTC»-ի վերահսկիչ փաթեթը. «MTC»-ից չեն մեկնաբանում
Տնտեսություն
15:42 15/09/2011

«France Telecom»-ը գնո՞ւմ է «MTC»-ի վերահսկիչ փաթեթը. «MTC»-ից չեն մեկնաբանում

Բաժնետոմսային ֆինանսական «Սիստեմա» կորպորացիան, որին էլ պատկանում է ՄՏՍ օպերատորի վերահսկիչ փաթեթի 52,8%-ը, բանակցություններ է վարում ՄՏՍ-ի վաճառքի ուղղությամբ: Այս մասին գրում է «РБК daily» գործակալությունը, վկայակոչելով հեռահաղորդակցման ոլորտի մի քանի աղբյուրների:

Տեղեկատվության համաձայն, «Սիստեմա» ընկերության ակտիվում են հայտնվել մի քանի նավթային ընկերություններ, որոնք էապես բարձրացրել են խմբի ֆինանսական կարողությունները: «Ներկայումս քննարկվում են ՄՏՍ-ի վերահսկիչ փաթեթի վաճառքի կամ մեկ այլ միջազգային խոշոր օպերատորի հետ ձուլման հնարավորությունները», - ասել է գործակալության զրուցակիցը:

Տեղեկատվության համաձայն, օպերատորի ձեռքբերմամբ է հետաքրքրված եվրոպական հեռահաղորդակցության ոլորտում հայտնի «Ֆրանս Տելեկոմ» (France Telecom) ընկերությունը, սակայն նախնական բանակցությունների արդյունքում դեռևս որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, և ինչպես գործակալությանն են հայտնել, գործարքը հավանության չի արժանացել կառավարական մակարդակով:

«Սիստեմա» ԲՖԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, մեկնաբանելով վաճառքի վերաբերյալ բանակցությունները, նշել են, թե ՄՏՍ-ի վաճառքի հարցը սուր դրված չէ ԲՖԿ-ում, սակայն որպես ներդրումային ֆոնդ նման հավանականությունը չի բացառվում:

Panorama.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ հենց «MTC»-ից, սակայն ընկերության մամլո խոսնակ Վալերիա Կուզմենկոն կտրականապես հրաժարվեց պատասխանել հարցերին, ասելով. «Ես ոչինչ չեմ կարող պատասխանել, հարցը, խնդրում եմ, ուղղեք «Սիստեմա» ընկերությանը»:

Սակայն «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկոն «РБК daily»-ի հետ զրույցում մանրամասն մեկնաբանություններից հրաժարվել է, նշելով միայն, թե «Ֆրանս Տելեկոմ» խմբից իրենք գործարքի առաջարկ չեն ստացել: Ֆրանսիական կողմին ուղարկված լրատվամիջոցի հարցումն անպատասխան է մնացել:

ՄՏՍ ընկերությանը Հայաստանում պատկանում է երկրի խոշորագույն բջջային կապի օպերատոր Վիվասել ՄՏՍ ընկերության վերահսկիչ փաթեթը:

Նշենք, որ հեռահաղորդակցության ոլորտում հայտնի «Ֆրանս Տելեկոմ» խմբի ներկայացուցիչը Հայաստանում «Օրանժ Արմենիա» ընկերությունն է:

Placeholder
«France Telecom»-ը գնո՞ւմ է «MTC»-ի վերահսկիչ փաթեթը. «MTC»-ից չեն մեկնաբանում