Իտալիայի խորհրդարանը հաստատել է բյուջետային կրճատումների ծրագիրը
Տնտեսություն
11:30 15/09/2011

Իտալիայի խորհրդարանը հաստատել է բյուջետային կրճատումների ծրագիրը

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է երկրի հակաճգնաժամային ծրագիրը, որով նախատեսվում է բյուջետային ծախսերը կրճատել մոտ 54 միլիարդ եվրոյով: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն, հղում անելով տեղի «La Stampa» պարբերականին:

Ինչպես նշվում է, օրինագծին կողմ են քվեարկել 316 խորհրդարանական, դեմ` 302-ը: Նշենք, նույն օրինագիծը խորհրդարանի վերին պալատում հավանության էր արժանացել սեպտեմբերի 7-ին:

Բյուջետային դեֆիցիտի կրճատման ծրագիրը ենթադրում է մի շարք հարկատեսակների բարձրացում և բյուջետային ծախսերի կրճատում: Բացի այդ, մասնավոր սեկտորում աշխատող կանանց կենսաթոշակային տարիքը 2014 թվականից 60-ից բարձրացվում է 65-ի:

Տեղեկատվության համաձայն, սա արդեն երկրորդ հակաճգնաժամային ծրագիրն է, որը վերջին երեք ամիսների ընթացքում ընդունվում է Իտալիայում: Հուլիս ամսին հաստատված մեկ այլ ծրագրով նախատեսված էր մոտ 48 միլիարդ եվրոյի կրճատումներ:

«Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, երկու ծրագերի միջոցով Իտալիան նախատեսում է 2013 թվական մուտք գործել առանց բյուջետային դեֆիցիտի: Բացի այդ, հակաճգնաժամային ծրագրի ընդունումը հնարավորություն է ընձեռել Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից երկրի պարտատոմսերի գնման համար, ինչը բարձրացնելու է դրանց պահանջարկը` եկամտաբերություն ապահովելով ներդրողների համար:

Placeholder
Իտալիայի խորհրդարանը հաստատել է բյուջետային կրճատումների ծրագիրը