Արգենտինացի գինեգործները կգան Հայաստան
Տնտեսություն
10:55 17/09/2011

Արգենտինացի գինեգործները կգան Հայաստան

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Լորենսո Բասսոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` Սերգո Կարապետյանն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում Արգենտինայի ձեռք բերած հաջողությունները` մատնանշելով այն ճյուղերը, որոնց շուրջ կարելի է համագործակցել:

«Նկատի ունենալով Հայաստանի և Արգենտինայի կլիմայական ընդհանրությունները, մենք կարող ենք համագործակցել գրեթե բոլոր ոլորտներում: Մասնավորապես կարևոր եմ համարում համագործակցությունը անասնապահության, սերմնաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հայ-արգենտինական համագործակցության մեջ կարևորելով տեղի հայ համայնքի դերակատարությունը:

Սերգո Կարապետյանը մատնանշել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկով Արգենտինայի Հանրապետության գյուղանտեսության փոխնախարարը ներկայացրել է կարկտահարության դեմ կիրառվող նոր տեխնոլոգիաները` առաջարկելով արգենտինացի մասնագետների հետ ձեռք բերել համագործակցության պայմանավորվածություններ: Իսկ մինչ այդ կա պայմանավորվածություն, որպեսզի փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելեն արգենտինացի գինեգործները:

Placeholder
Արգենտինացի գինեգործները կգան Հայաստան