Թուրքիան հրաժարվել է ռուսական գազից
Տնտեսություն
11:04 03/10/2011

Թուրքիան հրաժարվել է ռուսական գազից

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, թե իր երկիրը հրաժարվում է այսուհետ «արևմտյան ուղղությամբ» երկիր ներմուծվող ռուսական գազից: Ինչպես գրում է «Լենտա.ռո»-ն, իր որոշումը նախարարը բացատրել է առաքվող վառելիքի բարձր սակագնով:

Տեղեկատվության համաձայն, Յիլդիզը նշել է նաև, թե պայմանագրերի խախտումը ոչ մի կերպ չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերություների վրա: Նշվում է, թե գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի դեկտեմբերին:

Թուրքիան նախկինում ևս արտահայտվել էր Ռուսաստանից առաքվող գազի սակագնի իջեցման օգտին, սակայն Մոսկվայում սույն թվականի մարտ ամսին կայացած Մեդվեդև-Էրդողան բանակցություններն այդպես էլ հաջողությամբ չէին պսակվել:

Նշենք, Թուրքիան ռուսական գազի խոշորագույն ներկրողներից է, որը տարեկան մոտ 30 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից, ինչը կազմում է երկրում սպառվող կապույտ վառելիքի մոտ 64%-ը:

Placeholder
Թուրքիան հրաժարվել է ռուսական գազից