Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանական Բիլբաոյում շարունակվող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 7-րդ և 8-րդ տուրերում Լևոն Արոնյանը 6 հնարավորից ընդամենը մեկ միավոր վաստակեց` ոչ-ոքի խաղալով Կառլսենի հետ և զիջելով Նակամուրային: Այժմ հայ գրոսմայստերը 8 միավորով հաստատվել է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականում: Հետնապահը` Վալեխո-Պոնսը, ով հաշվետու տուրերում նախ հաղթեց Վասիլի Իվանչուկին, իսկ հետո պարտություն կրեց Կառլսենի հետ պարտիայում, իր ակտիվում ընդամենը 7 միավոր ունի:
Վասիլի Իվանչուկը, չնայած Վալեխո-Պոնսից կրած անսպասելի պարտությանը, շարունակում է պահպանել միանձնյա առաջատարի կարգավիճակը, քանի որ արդեն հաջորդ տուրում կարողացավ մեկ միավոր վաստակել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ խաղում: Նա վաստակել է 14 միավոր: Հիկարու Նակամուրան, ով Արոնյանին պարտության մատնելուց առաջ ոչ-ոքի էր խաղացել Անանդի հետ, 11 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական: Մագնուս Կառլսենը նույնպես 11 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 3-րդ տեղը: 4-րդ դիրքում հաստատված Անանդը վաստակել է 9 միավոր: