Ռոբբի Քինը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը
Սպորտ
10:30 10/10/2011

Ռոբբի Քինը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Մարկո Տարդելլին հույս ուներ, որ թիմի ավագ Ռոբբի Քինը կարող է մասնակցել Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային թիմի հետ հոկտեմբերի 11-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը: «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվողն Անդորրայի ընտրանու հետ խաղում խորացրել է հին վնասվածքը:

«Ռոբբին խնդիրներ ունի, սակայն մենք հույս ունենք, որ կհասցնի վերականգնվել: Դա հեշտ չի լինի, բայց մենք հույսներս չենք կորցնում: Հնարավորությունը, որ նա դուրս կգա խաղադաշտ, փոքր է, սակայն դեռ կսպասենք և կգնահատենք նրա վիճակը: Նրան փոխարինողներ մենք ունենք և վստահում ենք բոլորին»,- Տարդելլիի խոսքերը մեջբերել է «Irish Times»-ը:

Արդեն երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Քինը, այնուամենայնիվ, չի կարողանա մասնակցել մեր թիմի հետ վճռորոշ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, Ռոբբին կարող է շարք վերադառնալ երկու շաբաթ հետո: Այսպիսով` երեքշաբթի կայանալիք Իռլանդիա-Հայաստան խաղում դաշտի տերերի հարձակման գծում Քինի փոխարեն, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Շեյն Լոնգը:

Մարկո Տարդելլին, ի դեպ, գոհ չէ, որ Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ թիմը խաղացել է Անդորրայում և տուն կվերադառնա հոգնեցուցիչ ճամփորդությունից հետո: Իռլանդացիները երեկվանից սկսել են նախապատրաստվել մեր թիմի հետ խաղին, իսկ մինչ այդ վերականգնողական շրջան են անցել: Ընդ որում` ոչ միան ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն. նրանք հույս ունեին, որ սլովակները նախավերջին տուրում կհաղթեն ռուսներին, և իրենք առաջին տեղով կկարողանան դուրս գալ «Եվրո-2012»-ը: «Irish Times»-ը պնդում է, որ ֆուտբոլիստների մեծ մասը շատ հիասթափված է:

«Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի հավաքականի հետ հանդիպման վրա` անհրաժեշտ արդյունք արձանագրելու և փլեյ-օֆֆ մտնելու համար: Անհրաժեշտ է դա անել: Հայերը անընդմեջ երեք հաղթանակ են տոնել խոշոր հաշիվներով` խփելով, ընդհանուր առմամբ, 11 գոլ: Մեր առաջիկա մրցակիցն առջևի գծում շատ լավ է գործում, քանի որ գերազանց հարձակվողներ ունի, իսկ պաշտպանությունում, ինչպես երևում է, խնդիրներ կան…»,- ավելացրել է Տարդելլին:

Placeholder
Ռոբբի Քինը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը