Հրապարակվել է Doing Business 2012 զեկույցը. Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքերը
Տնտեսություն
13:28 20/10/2011

Հրապարակվել է Doing Business 2012 զեկույցը. Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքերը

Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Bussiness 2012» զեկույցը: Հայաստանն այս տարի 6 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 61-րդի փոխարեն 183 երկրների ցանկում հանգրվանելով 55-րդ հորիզոնականում: Զեկույցի համաձայն` Հայաստանի նման առաջընթացը պայմանավորված է երկրում իրականացված բարեփոխումներով: Զեկույցի համաձայն` անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը բարեփոխումներ է իրականացրել 10 չափանիշներից (ինդիկատորներ) 5-ում` «Ընկերության հիմնում», «Շինարարական թույլտվությունների ստացում», «Վարկերի ստացում», «Հարկերի վճարում» և «Ձեռնարկության փակում (լուծարում)»: Ըստ որում, այս ցուցանիշով բարեփոխված ոլորտների քանակով, Հայաստանը 183 երկրների շարքում առաջինն է:

Զեկույցի համաձայն` գործարարության համար ամենաբարենպաստ պայմանները Սինգապուրում են: Ինչպես և նախորդ տարի, 183 երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է հենց Սինգապուրը:
Նրան հաջորդում է չինական Հոնգ Կոնգը, որը նույնպես պահպանել է դիրքերը: Ցանկում հաջորդը Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան են: Աղյուսակում նրանց դիրքը նույնպես նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի կրել:
Նորվեգիան, որ անցած տարի 7-րդն էր, այս տարի մեկ կետով բարելավել է դիրքերը` 6-րդ հորիզոնականից դուրս թողնելով Միացյալ Թագավորությանը: Վերջինս, համապատասխանաբար, մեկ կետով նահանջել է:
Doing Bussiness-ի առաջին տասնյակում են նաև Հարավային Կորեան, որը նախորդ տարվա 15-րդի փոխարեն այս տարի բարձրացել է 8-րդ հորիզոնական, և Իսլանդիան` 13-րդից 9-ը: Արդյունքում գործարար միջավայրի պայմանների տեսանկյունից դիրքային հետընթաց են գրանցել Շվեդիան ու Սաուդյան Արաբիան: Իռլանդիան, որ անցած տարի 8-րդն էր, այս տարի հանգրվանել է 10-րդ հորիզոնականում:
Գործարար միջավայրի տեսանկյունից վատագույն երկրները հիմնականում Աֆրիկայում են: Doing Bussiness 2012-ի արդյունքներով` դրանք են Գվինեան, Էրիտրեան, Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Չադը:

Որոշ երկրների ցուցանիշները DB2012 վարկանիշային աղյուսակում

 

Երկիր
DB2012
rank
DB2011
rank
Դինամիկա Բարեփոխված
ոլորտների
քանակ
Սինգապուր 1 1 0 0
Հոնգ Կոնգ 2 2 0 2
Նոր Զելանդիա 3 3 0 1
ԱՄՆ 4 4 0 0
Դանիա 5 5 0 1
Նորվեգիա 6 7 1 0
Մեծ Բրիտանիա 7 6 -1 1
Հարավային Կորեա 8 15 7 3
Իսլանդիա 9 13 4 2
Իռլանդիա 10 8 -2 0
Սաուդյան Արաբիա 12 10 -2 1
Շվեդիա 14 9 -5 0
Վրաստան 16 17 1 4
Լատվիա 21 31 10 4
Էստոնիա 24 18 -6 0
Լիտվա 27 25 -2 2
Ղազախստան 47 58 11 1
Հայաստան 55 61 6 5
Ադրբեջան 66 69 3 0
Բելառուս 69 91 22 3
Թուրքիա 71 73 2 2
Մոլդովա 81 99 18 4
Ռուսաստան 120 124 4 4
Իրան 144 140 -4 0
Տաջիկստան 147 152 5 1
Ուկրաինա 152 149 -3 4
Ուզբեկստան 166 164 -2 1

Ամբողջական աղյուսակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանի դեպքում զեկույցի հեղինակները մասնավորապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երկիրը մեկ պատուհանի կիրառման միջոցով հեշտացրել է բիզնես սկսելու` ընկերություն հիմնելու ընթացակարգը: Այն հանգամանքը, որ Հայաստանում կարելի է մեկ պատուհանի միջոցով, ինչպես նաև առցանց տարբերակով գրանցել ընկերությունը, հնարավորություն է ընձեռել, որ երկիրը «Ընկերությունների հիմնում» ոլորտում 183 երկրների շարքում զբաղեցնի 10-րդ հորիզոնականը: Սա այս ոլորտում Հայաստանի ունեցած դիրքը բարելավել է 10 կետով:

Շինարարական թույլտվությունների ստացման ոլորտում բարելավումը զեկույցի հեղինակները բացատրել են այն իրողությամբ, որ վերացվել է փոքր նախագծերի դեպքում բնապահպանական փորձաքննության պարտադիր պահանջը: Այս քայլը երկրի վարկանիշի վրա դրական է ազդել միանգամից 38 կետով` նախորդ տարվա 95-րդի փոխարեն Հայաստանը շինթույլտվությունների ստացման առումով այժմ աշխարհում 57-րդն է:

Վարկավորման ոլորտում երկրի առաջընթացը պայմանավորված է վարկային տեղեկատվական համակարգի բարելավմամբ: Զեկույցի հեղինակներն այդպես են որակել հանրային ծառայություններ մատուցող ձեռնարկություններից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ նորամուծությունը: Այս քայլը վարկավորման հարցում Հայաստանի վարկանիշի վրա դրական է անդրադարձել 5 կետով:

Հարկերի հավաքման ոլորտում առաջընթաց է որակվել Հայաստանի կառավարության այն քայլը, որով ձեռնարկությունների կողմից սոցվճարների ու հարկերի վճարման պարբերականությունը կրճատվել է` հասնելով եռամսյակը մեկ անգամի, ու նաև հնարավորություն է տվել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Այս նորամուծությունները համապատասխան ոլորտում երկրի վարկի վրա դրական են ներգործել` դիրքը բարելավելով 6 կետով: Այնուամենայնիվ, հարկերի հավաքումը Doing Bussiness-ի չափանիշների շարքում մնում է ամենախնդրահարույց ոլորտը: Հայաստանի վատագույն ցուցանիշը հենց այս ոլորտում է` 183 երկրների շարքում 153-րդը:

Զեկույցի հեղինակները դրական են գնահատել Հայաստանում Սնանկության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով պարզաբանվում է արբիտրաժային կառավարիչների նշանակման կարգը, նվազեցվում է սնանկության ճանաչման ժամանակահատվածն ու կարգավորվում է աճուրդի միջոցով ակտիվների իրացումը: Եվ չնայած այս փոփոխություններին, ձեռնարկությունների լուծարման ոլորտում երկիրը ոչ միայն չի բարելավել դիրքը, այլև` 6 կետ կորցրել է: Պատճառը մյուս երկրներում ավելի խորքային բարեփոխումներն են:

Հայաստանի դիրքը DB զեկույցի առանձին ոլորտներում 2012-ին և 2011-ին

Ոլորտներ/ինդիկատորներ DB 2012
rank
DB2011
rank
Փոփ.
Ընկերության հիմնում 10 20 10
Շինարարական թույլտվությունների ստացում 57 95 38
Էլեկտրաէներգիայի ստացում 150 148 -2
Սեփականության գրանցում 5 4 -1
Վարկերի ստացում 40 45 5
Ներդրողների պաշտպանություն 97 93 -4
Հարկերի վճարում 153 159 6
Արտաքին առևտրի իրականացում 104 103 -1
Պայմանագրերի կատարում 91 64 -27
Ձեռնարկության փակում (լուծարում) 62 56 -6

 

Placeholder
Հրապարակվել է Doing Business 2012 զեկույցը. Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքերը