2012թ.-ին գիտության բյուջեն կավելանա մոտ 7%-ով
Տնտեսություն
15:01 24/10/2011

2012թ.-ին գիտության բյուջեն կավելանա մոտ 7%-ով

2012թ.-ին գիտության բյուջեն կավելանա մոտ 7%-ով և կկազմի մոտ 10,3 մլրդ դրամ՝ 2011-ի` 9,4 մլրդ-ի դիմաց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նա նշեց, որ բյուջեի ավելացման գումարների հաշվին մոտ 7%-ով կավելանան աշխատավարձերը, բացի դրանից գումարներ կուղղվեն միջազգային ծրագրերի խթանմանը, ինչպես նաև` ինովացիոն ծրագրերին, ինչը, բանախոսի կարծիքով շատ կարևոր է, քանի որ գիտության ոլորտում կարևոր է մասնավոր բիզնեսի հետ աշխատանքը: «Մինչ այսօր գիտության ոլորտը հիմնականում ֆինանսավորվել է պետության կողմից: Այս տարի առաջին անգամ մենք անցկացրեցինք մրցույթ, որին մասնակցեց նաև մասնավոր հատվածը: Մրցույթին մասնակցել են 43 ինովացիոն ծրագրեր, որոնց մեծ մասը համաֆինանսավորում ունեին մասնավոր հատվածից, ընդ որում՝ ոչ միայն հայկական մասնավոր հատվածից, այլ նաև արտասահմանյան: Եվ այդ ծրագրերից 17-ը ֆինանսավորվեց, որոնց ընդհանուր արժեքը 1,5 տարվա համար կազմում է մոտ 500 հազար դոլար»,- տեղեկացրեց Ս.Հարությունյանը:

Նրա խոսքերով` հետագայում պետք է մեծացնել մասնավորի հետ համագործակցությունը, քանի որ դա էապես խթանում է գիտության զարգացումը: Ս. Հարությունյանը նշեց, որ զարգացած երկրներում պետության կողմից գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալը 15%-ից չի անցնում: «Որքան մեծ է պետական ֆինանսավորման մասնաբաժինը գիտության ոլորտում, այնքան պետության զարգացման մակարդակը ցածր է»,- նկատեց Ս.Հարությունյանը` հավելելով, որ այսօր գիտության ոլորտին հատկացվող գումարների 70-75 տոկոսը պետական միջոցներն են, իսկ մնացածը ստացվում է դրամաշնորհներից և միջազգային համագործակցության միջոցով: Ըստ նրա` 3-4 տարի առաջ պետական ֆինանսավորման մասնաբաժինը շատ ավելի մեծ էր` 80-85 տոկոս, և ի ուրախություն բոլորի, տարեցտարի այն նվազում է: «Դա լավ նշան է»,- ընդգծեց Ս.Հարությունյանը:

Placeholder
2012թ.-ին գիտության բյուջեն կավելանա մոտ 7%-ով