«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը շարունակում է իր երթն ամբողջ աշխարում, իսկ Հայաստանից առայժմ հրավեր չկա
Մշակույթ
11:00 24/10/2011

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը շարունակում է իր երթն ամբողջ աշխարում, իսկ Հայաստանից առայժմ հրավեր չկա

Մոտ մեկ ամիս առաջ Ստոքհոլմում տեղի ունեցավ շվեդաբնակ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մղձավանջի միջով անցած հայ կանանց դաժան ճակատագրերի մասին ու բացահայտում է այդ տարիներին այս կանանց մարմինների վրա բռնի կերպով արված դաջվածքների առեղծվածը: Ռեժիսորը իր անձնական պատմության միջոցով ներկայացնում է հազարավոր հայ կանանց ճակատագրեր:

Այսօր Ermenihaber.am-ի հետ զրույցում Սյուզան Խարտալյանը պատմել է ֆիլմի ցուցադրության ընթացքի և դիտողների արձագանքների մասին:
«Ֆիլմը շարունակում է իր երթը և արդեն հրավերներ ենք ստացել տարբեր փառատոնների մասնակցելու համար: Ֆիլմի նկատմամբ հատուկ հետաքրքրություն կա հատկապես ԱՄՆ-ում: Նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը ֆիլմը կցուցադրվի ամերիկյան մի շարք քաղաքներում»,-պատմում է Խարտալյանը:
Ռեժիսորը նշում է նաև, որ ՄԱԿ-ի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում` հակառասիստական ֆիլմերի շարքում ֆիլմը կցուցադրվի նաև Շվեդիայի դպրոցներում:

Ստորև ներկայացնում ենք ֆիլմը դիտողների կողմից արված մի քանի մեկնաբանություններ:

«Սա ցնցող ու չափազանց կարևոր է ֆիլմ է , որը իր հետ բերում է նոր տեղեկություններ, ծնում է կարեկցանք և դրդում է գործողությունների»:
Մարիա Սմաբերգ, գիտ. աշխատող, դասախոս Լունդ համալսարանում

«Սյուզանը չի վախենում օգտագործել իր տեսախցիկը (նաև գրիչը), որպես պեղող գործիք, որով կորսված դրվագներից պեղում, հանում է ճշմարտությունը: Ես իսկապես հավանեցի այս ֆիլմի 59 րոպեներից յուրաքանչյուրը»:
Պետրոս Աֆեյանը, բանաստեղծ և քննադատ


«Տատիկիս դաջվածքներ»-ը Հայոց ցեղասպանությունից մի նոր էջ է բացում: Պատմում է կանանց ճակատագրերի պատմությունը, որը մինչև հիմա թաքցված է եղել տաբուների և մոռացության քողի տակ: Սա շատ անձնական, բայց միևնույն ժամանակ համամարդկային պատմություն է:
Լոթթա Շուլերքվիստ, լրագրող և գրող

«Սյուզան Խարտալյանը ստեղծել է ազդեցիկ մի ֆիլմ, որը դիտողին իր հետ տանում է դեպի Դեր Զորի անապատի տաք ավազները: Նա խիզախորեն ինքն իրեն ստիպում է նայել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հազարավոր կանանց և երեխաների ցավին ու ամոթին:
Սա հզոր ֆիլմ է, և դիտողը գիտակցում է, որ դժվար ընկալելի իրողությունը ներկայացնելու միակ ճանապարհը անձնական պատմություն պատմելն է»:
Սեսիլիա Զադիգ, լրագրող

«Ֆիլմը մի հետաքրքրաշարժ ճանապարհորդություն է, որի ընթացքում տեսնում ենք թե ինչպես «փազըլի» կտորները կողք կողքի շարելով քայլ առ քայլ խախտվում է լռության պատերը: «Տատիկիս դաջվածքները» կարևոր է նրանով, որը լույս է սփռում ցեղասպանության այն ասպեկտների վրա, որոնց մասին մենք քիչ բան գիտեինք»:
Գորան Գաններ, դոցենտ, գիտաշխատող

Նշենք, որ ֆիլմը, որ բացառիկ նշանակություն ու արժեք ունի մեզ` հայերիս համար հայտնի չէ, թե երբ կներկայացվի այստեղ`Հայաստանում, քանի որ ինչպես իր խոսքում նշեց Սյուզան Խարտալյանը նա առայժմ ոչ մի պաշտոնական հրավեր չի ստացել Հայաստանից:

Նախորդող նորությունները` http://www.panorama.am/am/culture/2011/09/13/s-khartalyan/
 http://www.panorama.am/am/society/2011/09/15/interview-khartalyan/

Placeholder
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը շարունակում է իր երթն ամբողջ աշխարում, իսկ Հայաստանից առայժմ հրավեր չկա