Հակոբ Ավետիքյան. Հայկական թերթին մութ ապագա է սպասվում
ՏՀՏ-ն Հայաստանում
16:49 28/10/2011

Հակոբ Ավետիքյան. Հայկական թերթին մութ ապագա է սպասվում

Հայաստանում էլեկտրոնային ԶԼՄ-ները աստիճանաբար դուրս են մղում տպագիր մամուլին:  Այսօր` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ համատեղ ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Վերջինիս կարծիքով, թերթ կարդում է հասարակության այն հատվածը, ով վատ կամ ընդհանրապես չի տիրապետում համացանցին, կամ էլ ունի բավականին ազատ ժամանակ` կարդալու ձեռքը վերցրած ամբողջ թերթը:

Անվտանգության մասնագետը նշեց, որ համացանցային լրատվամիջոցների համեմատությամբ` տպագիր մամուլը զիջում է նաև լրատվական դաշտում կատարվող իրադարձություններին արագ արձագանքման և լուսաբանման տեսանկյունից. «Տպագիր մամուլը լույս է տեսնում իրադարձության կատարման հաջորդ օրը, ինչը, իր հերթին, օպերատիվության շեշտակի անկում է»:

«Բավականին շատ հզոր թերթեր անցել են էլեկտրոնային տարբերակի, որովհետև կարդացողների փոքր թվաքանակի պատճառով արդեն ձեռնտու չէ պահել տպագիր տարբերակ»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

Տպագիր մամուլը պետք է հետևություններ անի ստեղծված վիճակից` հակառակ դեպքում վերջինս սպառնում է իսպառ վերացում:

Հակոբ Ավետիքյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ տպագիր մամուլի համար անմիաստ է օպերատիվությամբ մրցակցել էլեկտրոնային լրատվամիջոցների հետ:

«Այսօր ամբողջ աշխարհում թերթերը շեշտը դնում են վերլուծական հոդվածների վրա և այլևս տեղ չեն տալիս լուրերին»,- նշեց բազմավաստակ խմբագիրը:

Հակոբ Ավետիքյանի կարծիքով, Հայաստանում տպագիր մամուլի զարգացման գլխավոր արգելքն այն է, որ այս ոլորտը այդպես էլ չվերածվեց բիզնեսի:

«Հայաստանում թերթը որպես բիզնես երբեք կայացած չի եղել: Մեզ մոտ թերթի պարագայում միշտ գործել է ֆինանսավորման հովանավորչական տարբերակը, որը կրում է հստակ նպատակ: Այդ պատճառով հայկական տպագիր մամուլի ապագան հնարավոր է մի փոքր այլ լինի: Բայց, ընդհանուր առմամբ, հայկական թերթին մութ ապագա է սպասվում»,- նշեց Հակոբ Ավետիքյանը:
 

Placeholder
Հակոբ Ավետիքյան. Հայկական թերթին մութ ապագա է սպասվում