«Պարոն Աշոտյանի հերթական փիլիսոփայությունը» առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը
Կրթություն, գիտություն
17:22 10/11/2011

«Պարոն Աշոտյանի հերթական փիլիսոփայությունը» առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը

Դպրոցներում էլեկտրոնային դասամատյանների օգտագործումը, դրանցով ներկա-բացակա անելը և աշակերտներին գնահատելը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ուսուցիչների շրջանում: Կրթության, գիտության նախարարությունում, սակայն, դպրոցներում նման ծրագրի պարտադիր լինելու մասին տեղյակ չեն:

Երևանյան դպրոցներից մեկի քիմիայի ուսուցչուհին (նրա անունը չենք հապարակում նրա անվտանգության նկատառումներից ելնելով) վրդովված է. նրա աշխատանքային ժամի մեծ մասը հատկացվում է eschool.am կայքէջում աշակերտներին ներկա-բացակա անելու, նրանց գնահատելու վրա: Եվ սա այն պարագայում, երբ, նրա խոսքով, ինտերնետային կապի որակը լավ չէ, կայքը  ծանրաբեռնված է, տվյալները թարմացնել չի հաջողվում... դպրոցները հագեցած չեն համակարգիչներով:

«Էլկտրոնային դասամատյանը մենք կամ լրացնում ենք մեր աշխատանքային ժամի ըթացքում, կամ համակարգչային սենյակում ինֆորմատիկայի դասից հետո, բայց այդ դասից հետո էլ համակարգիչների մոտ հերթեր են գոյանում` ուսուցիչները շատ են և պետք է աշխատեն: Ստացվում է մեր աշխատաժամից երկար պետք է մնանք դպրոցում», -ներկայացնում է մեր զրուցակիցը:

Նա ասում է, որ իրենց դպրոցում ոչ մի ուսուցիչ չի ընդունում այս նորամուծությունը, քանի որ այն շատ ժամանակ ու նյարդեր է խլում: «Ես տանը օր ու գիշեր համակարգիչը միացրած եմ պահում.պետք է պահը որսամ ու տվյալները մուտքագրեմ, բայց ինչի՞ համար է. չէ՞ որ դա իմ աշխատաժամից դուրս է, ու ես այնքան ծանրաբեռնված եմ` տեստ պետք է գրեմ, տված տեստերը, գրավոր աշխատանքները ստուգեմ: Մի խոսքով, գերծանրաբեռնված վիճակ է, ու ստանում ենք շատ չնչին աշխատավարձ` միջինում 100 հազար դրամ», -իր բողոքը հիմնավորում է մեզ հետ զրուցած քիմիայի ուսուցչուհին:

Ուսուցիչների դժգոհությունն էլ ավելի է մեծացել, երբ նրանց ասվել է, որ սեպտեմբերից սկսած բոլոր գնահատականները պետք է մուտքագրվեն էլեկտրոնային դասամատյանների մեջ:

«Սա պարոն Աշոտյանի հերթական փիլիսոփայությունն է: Քնում, զարթնում առավոտը որոշում է մի բան անել: Խա՞ղ ենք անում, մի բան եք ստեղծում, նորմալ ստեղծեք: Առաջ ոնց էինք անում` ամսաթիվը գրում, հետո բոլորի համար գրում էինք թե տնային աշխատանքը որն է, գնահատականները ցանկով դնում էինք: Իսկ հիմա յուրաքանչյուրի համար դնում ենք առանձին-առանձին», -նշում է մեր զրուցակիցը:

Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղյակ չէ, որ հանրակրթական դպրոցներում նման ծրագիր է գործում, այն էլ` պարտադիր: «Չի ներդրվել, ես չգիտեմ այդ մասին», -փոխանցում է պաշտոնյան ու նշում, որ այդպիսի ծրագիր կար, որի շրջանակներում ինֆորատիկայի ուսուցիչներին ուղղակի վերապատրաստում են:

«Դա լրացուցիչ է, կողքից սովորում են, բայց այսօր աշխատում է մատյանը, մեր սովորական մատյանը: Չի նախատեսված նման բան դեռ: Ուղղակի լրացուցիչ ծրագիր է գնում հիմա: Տեղյակ չեմ, չի ներդրվել այդպիսի համակարգ: Ես չգիտեմ` ինչի են դժգոհում. տարել են ուղղակի վերապատրաստվեն, հիմա ահուսարսափի մեջ են, թե պիտի դրանով անցնեն: Ինտերնետային տեխնոլոգիաների հետ են ծանոթացնում, սովորացնում են ոնց կարող են ստեղծել էլեկտրոնային մատյանները», -ասում է ոլորտը համակարգող Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եթե էլեկտրոնային դասամատյաններով աշխատանքը արդարացրեց և արդյունավետ դուրս գա, ապա հնարավոր է առաջիկայում հայաստանյան դպրոցներում նման համակարգ ներդրվի:
 

Placeholder
«Պարոն Աշոտյանի հերթական փիլիսոփայությունը» առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը