Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) կհյուրընկալի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. Մրցանակի դափնեկիր, «APPLE COMPUTER» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակին և նրա տիկնոջը` Ջանեթ Վոզնյակին:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) կատարած նրա այցելության` ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Ստիվ Վոզնյակին կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի, բուհի ղեկավար անձնակազմի և ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Մինչ այժմ ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել «INTEL» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2-րդ մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական և հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: