Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախագահը բարձր է գնահատել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ներդրումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին:
Բարձր գնահատելով Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը, նաև դեռևս 2007թ. Հայաստանի մարդկային ռեսուրսը գնահատելու և, ըստ այդմ, մեր երկրում ընկերության մասնաճյուղ բացելու որոշումը, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նման փոքր շուկա և տնտեսություն ունեցող երկիրը պարտավոր է և կարող է դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացված մաս: Եվ, տեղեկացնում են Նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարը շեշտել, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գործունեությունը Հայաստանում ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:
Սերժ Սարգսյանի խոսքերով, 2001թ. տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարելով մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ, ՀՀ կառավարությունը հաշվի էր առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում երկրի ունեցած ավանդույթները, մասնագիտական բարձորակ մարդկային ռեսուրսը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների սահմանափակումներն ու սակավ բնական պաշարները: Այժմ արդեն այդ ոլորտում աշխատողների ու ընկերությունների թիվը, ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը, Նախագահի համոզմամբ, ևս մեկ անգամ փաստում են որոշման արդարացվածությունը:
Ջեյմս Թրուշարդն իր հերթին համակարծիք լինելով ՀՀ Նախագահի և ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմանը` նշել է, որ Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է:
Հայաստանում ընկերության գործունեության զարգացման և համագործակցության տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման՝ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագիրը:
Շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա միջազգային հարթակներում Հայաստանի` որպես համաշխարհային ճարտարագիտական կենտրոնի, վարկանիշի բարձրացման գործում, միաժամանակ՝ ՀՊՃՀ-ն դարձնելով միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան համոզմունք են հայտնել զրուցակիցները: