«Արմֆուդ»-ի տնօրեն. «Արմֆուդ»-ի աղմուկը ուղղակի կապված է Աբրահամ Բախչագուլյանի 100-օրվա հետ
Տնտեսություն
17:17 01/12/2011

«Արմֆուդ»-ի տնօրեն. «Արմֆուդ»-ի աղմուկը ուղղակի կապված է Աբրահամ Բախչագուլյանի 100-օրվա հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը և «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը հայտնեցին, որ «Արմֆուդ» ընկերության արտադրած կաթի մեջ ստաֆիլակոկ չկա:

Լ.Բաղդասարյանը նշեց, որ նոյեմբերի 4-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությանը տեղեկացվեց, թե իբր քաղաքացու կողմից իրենց ներկայացված, խանութից գնված կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերիա, որը պատկանում է «Արմֆուդ» ընկերությանը: «Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաև այլ լաբորատորիաներին են ուղարկվել «Արմֆուդի» կաթի նմուշները, ինչպես հում, այնպես էլ պաստելիազացված վիճակում: Փորձաքննությունը պարզել է, որ կաթի մեջ բացակայում է ստաֆիլոկոկ բակտերիան»,- ասաց նա: Մինչդեռ, այս հայտարարությունից հետո վնասվել է ընկերության հեղինակությունը, ինչպես նաև պատճառվել է նյութական մեծ վնաս: «Ընկերությունը հետամուտ է լինելու և օրենքով սահմանված կարգով պահանջելու է իրեն պատճառած վնասի հատուցում»,- նշեց Լ.Բաղդասարյանը:

Ըստ Բորիս Սողոմոնյանի` բացի սրանից, մեկ լիտր կաթը բաժանել է երեք տարբեր շշերի մեջ և ուղարկել փորձաքննության, երկու տարբեր անկախ լաբորատորիաներից եկել է պատասխան, որ կաթը մաքուր է, իսկ «իրենց լաբորատորիան» հաստատել է աղիքային ցուպիկների առկայությունը: իսկ երբ «Արմֆուդ»-ի տնօրենը հարցրել է, որ 70 աստիճանում եռացրած կաթի մեջ ինչպես կարող է ստաֆիլակոկ լինել, պատասխանել են` «կարող է փռշտացել եք»:

Նշվեց նաև, որ եթե նման բակտերիա հայտնաբերվում է, ապա համապատասխան ծառայությունը պարտավոր է գալ տվյալ ձեռնարկություն և ստուգումներ անցկացնի, անալիզներ վերցնի, սակայն նրանք հայտարարությունից հետո չեն եկել և սեփականատերն է կաթը փորձքաննության տարել: Այդուհանդերձ, նրանք չեն ժխտում, որ արտադրության մեջ կարող են լինել բազմաթիվ թերություններ և բացթողումներ:

Բորիս Սողոմոնյանի խոսքերով` ինքը փոքր բիզնես ունի և շուկայում որևէ ընկերության չի խանգարել. «Դա ուղղակի կապված է ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի պաշտոնավարման 100-օրվա հետ, որ ցույց տա, թե ինչ-որ գործեր է արել»:

 

Placeholder
«Արմֆուդ»-ի տնօրեն. «Արմֆուդ»-ի աղմուկը ուղղակի կապված է Աբրահամ Բախչագուլյանի 100-օրվա հետ