Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տվյալները մտահոգիչ են հայ եկեղեցու համար. այսօր հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրում է մոտ 2500 մարդ
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած ասուլիսում տարբեր կառույցների ներկայացուցիչներ հայտնեցին հիվանդության առնչությամբ իրենց մտահոգությունները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի գլխավոր համակարգող Դաֆինա Գերչևան:
ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը անդրադառնալով Հայաստանում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ձեռքբերումներին և առկա խնդիրներին, նշեց, որ հանրապետությունում իրականացվում են լայնավածալ աշխատանքներ ՄԻԱՎ վարակի համաճարակին արդյունավետ հակազդելու և դրա հետևանքները մեղմելու ուղղությամբ:
Փոխնախարարը նկատեց, որ բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշման ու հայտնաբերման, ՄԻԱՎ վարակի և համավարակների կառավարման և հիվանդների դիսպանսերային հսկողության հետ կապված գործընթացները:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն էլ ներկայացրեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանում:
Ըստ նրա` 2010 թ.-ին մեծահասակների շրջանում այս հիվանդության տարածումը ավելացել է. Աֆրիկայում այն 5 տոկոս է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշն ավելի քան հինգ անգամ ցածր է` 0.17 տոկոս: Նշվեց, որ 1988թ.-ից մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 1-ը Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 դեպք, որից 165-ը` այս տարվա 11 ամիսների ընթացքում: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում` 462 դեպք` գրանցված հիվանդների 40,7 տոկոսը: Այսօր հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրում է մոտ 2500 մարդ:
Արարատյան հայրապետական թեմի` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ներարկային թմրամիջոցներ օգտագործողների ցերեկային կենտրոնի տնօրեն տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ եկեղեցին փորձում է հոգևոր աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ, բացի դրանից իրազեկման աշխատանքներ է տարվում պատանիների և երիտասարդների շրջանում հոգևորը պահպանելու ուղղությամբ: Այդուհանդերձ, ըստ նրա, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տվյալները շատ մտահոգիչ են հայ եկեղեցու համար: