Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը արժանացավ կառավարության հավանությանը
Տնտեսություն
11:32 15/12/2011

Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը արժանացավ կառավարության հավանությանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է: Ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Ըստ այս ճյուղերի` ռազմավարությամբ բացահայտվել է մեր երկրի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան Հանրապետությունում:

Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը:

Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, կուսակցություններին, որոնք մասնակցել են այս փաստաթղթի մշակմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտահանմանն ուղղված ռազմավարությունը հանրությանն էր ներկայացվել դեկտեմբերի 4-ին ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի ժամանակ:
Նշենք նաև, որ այս ռազմավարության շրջանակներում ձևավորվելու է խորհուրդ, որը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:

Placeholder
Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը արժանացավ կառավարության հավանությանը