Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն և նահանջեց 8-րդ հորիզոնական
Թուրքիայում ընթացող աշխարհի շախմատի կանանց թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0,5:3,5 հաշվով զիջեց Հնդկաստանի ընտրանուն: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Հարիկայի հետ: Էլինա Դանիելյանը զիջեց Կոներուին, Լիլիթ Գալոյանը` Տանիային, իսկ Նելլի Աղինյանը` Սոումիային:
Հաշվետու տուրից հետո մեր ազգային թիմը 2 միավոր արդյունքով նահանջեց 8-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը, որը հաշվետու տուրում չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ` Վիետնամի ընտրանու նկատմամբ: Հնդկուհիները 7 միավորով երկրորդ տեղում են, իսկ Ռուսաստանի հավաքականը, որը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վրաստանի թիմի հետ, 6 միավորով ընթանում է 3-րդ տեղում:
Վրացուհիներն իրենց ակտիվում ունեն 5 միավոր և հաստատվել են 4-րդ տեղում: Վիետնամի ու Թուրքիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր և բաժանում են 5-6-րդ տեղերը: Վերջինս, ի դեպ, հաշվետու տուրում հաղթեց ՀԱՀ-ի թիմին: Ուկրաինայի հավաքականը, 3,5:0,5 հաշվով առավելության հասնելով Հունաստանի ոչ այնքան ուժեղ ընտրանու նկատմամբ, 3 միավորով զբաղեցնում է 7-րդ դիրքը:
Հունաստանի հավաքականն ընդամենը մեկ միավոր է վաստակել և այժմ 9-րդ տեղում է, իսկ ՀԱՀ-ի ընտրանին միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: