Մշակվելու է զբաղվածության ռազմավարություն
Տնտեսություն
15:22 27/12/2011

Մշակվելու է զբաղվածության ռազմավարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը իրականացնում է զբաղվածության պետական մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում նվազել են գործազուրկների թիվը: Այս մասին ասուլիսում ասաց գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

Իրականացվող ծրագրերից են` «Մասնագիտական ուսուցում», «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին», «Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներ համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ» և այլն: Ա. Սիմոնյանն ասաց, որ բոլոր ծրագրերը գերակատարել են ու ավելի շատ մարդիկ են ընդգրկվել ծրագրերում, քան նախատեսված է եղել:

Բանախոսը կարևորեց նաև միջազգային կառույցների հետ համագործակցությունը` Համաշխարհային բանկ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, գերմանական, չեխական ընկերությունների հետ համագործակցություն և այլն, որոնք նույնպես նպաստել են աշխատատեղերի ավելացմանը:

Գործակալության պետի տեղակալն ասաց, որ հաջորդ տարվա բյուջով ֆիքսվել է զբաղվածության աջակցության ծրագրերին հատկացվող գումարը, որոշակի առումով աճ կա:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակելու է զբաղվածության ռազմավարություն, որտեղ հստակ կնշվեն այն ոլորտները, որոնք բարեփոխումների կարիք ունեն: «Ակնկալում եմ, որ այդ ռազմավարության արդյունքում զբաղվածության ոլորտը կդիտարկվի նաև տնտեսական կատեգորիա, որը փոխկապակցված է տնտեսության, կրթության զարգացման հետ, աշխատաշուկայի կարիքների բավարարման հետ»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Placeholder
Մշակվելու է զբաղվածության ռազմավարություն