Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթը ազգի, ժողովրդի գոյության պահպանման կամ մշտապես տվյալ ազգի գոյության մասին հիշեցնող ամենաառաջնային գրավականներից է: Նույնիսկ այն ազգերը, որոնք հիմա չկան, թողած մշակութային ժառանգությամբ ապրում են ու ցույց տալիս, թե ինչքան վառ է եղել ազգի կերպարը: Հայ ժողովուրդը այն եզակի ազգերից է, որ իր գոյությունը պահպանելով դարերի ընթացքում` հասել է 21-րդ դար՝ իր հետ բերելով նաև իր մշակութային ժառանգությունը: Սակայն այժմ այդ ժառանգությունից որոշ բաներ կորցնելու վտանգ կա` կապված օբյեկտիկ և սուբյեկտիվ գործոնների հետ` բնական աղետներ, ժամանակի ընթացքում «մաշվածություն», մշակույթից հեռու մարդկանց վերաբերմունք, օտարների կողմից հայկական հուշարձանների «սեփականաշնորհում» կամ ոչնչացում: Այս շարքը կարող ենք երկար թվարկել, սակայն մեր խնդիրն այսօր դա չէ, այլ կփորձենք արձանագրել այս տարվա ընթացքում հայկական մշակույթի ոլորտում կատարվածն ու ամփոփել տարին:
Մշակույթի նախարարությունը մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովումը, մշակութային ժառանգության հանրահռչակումը, ինչպես նաև` մշակութային ծառայություններում սպասարկման գործառույթի բարելավումը համարել է տարվա գերակայություններ, ու յուրաքանչյուրի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, որոնց մի մասը հասել են հաջողության, մի մասը` ոչ:
Տարվա ընթացքում կազմակերպվել են մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Հայկական մշակույթը պրոպագանդելու համար միջոցառումներ են անցկացվել նաև արտերկրում: Բայց հասարակության շրջանում ու ոլորտի մասնագետները ոչ բոլորն են բավարար համարում այն ամենը, ինչ կատարվում է մշակույթի ոլորտում պետական մակարդակով: Մեկի կարծիքով՝ դարավոր արմատներ ունեցող հայկական մշակույթն աշխարհին ցուցադրելու համար ձեռնարկված միջոցառումները բավարար են, մյուսի կարծիքով՝ ոչ, «այնքան բանով կարող ենք զարմացնել աշխարհին, բայց զարմացնող չունենք, իսկ մենք զարմանում են դրսի անտաղանդներով ու անճաշակություններով»:
Մշակույթի նախարարությունն հաջորդ տարի կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ Երևանը հռչակվել է գրքի մայրաքաղաք՝ «տեսնենք՝ կարո՞ղ է արժանավայել կատարել իր առաքելությունը, թե՞ ոչ»՝ մտահոգված են ինչպես քաղաքացները, այնպես էլ ոլորտի մասնագետները, ինչպես նաև Հայ տպագրության 500-ամյակն է նշվելու: Գրքարվեստի բավականին հարուստ ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդն աշխարհին շատ ցուցադրելու բան կունենա, հավատացնում են մասնագետները, բայց այդ ամենը միայն համակարգված ներկայացնելու դեպքում կարելի է հաջողություն արձանագրել: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է դեկտեմբերի 14-ին` Վենետիկում: Բայց հիմնական միջոցառումները, իհարկե, նախատեսված են արդեն հաջորդ տարի, իսկ մինչ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ Հայաստանն ընդլայնել է իր մասնակցությունը գրքի միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին: Այս տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է գրքի միջազգային բազմաթիվ տոնավաճառների ու ցուցահանդեսների (Փարիզ, Մինսկ, Սալոնիկ, Թեհրան, Վարշավա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և այլն): Երևանում անցկացվել է նաև «Գրական խաչմերուկ-2011»-ը:
Հայկական մշակույթը դրսում, իսկ այլ երկրներինը այստեղ ցուցադրելու համար կազմակերպվում են մշակույթի օրեր: Այս տարվա ընթացքում կազմակերպվել են Բելառուսի, Մեքսիկայի, Եգիպտոսի մշակույթի օրեր Հայաստանում: Թանգարաններն ու Ազգային պատկերասրահը նույնպես չեն զգացել ցուցահանդեսների պակաս, համերգասրահները` համերգների: Արժի հիշեցնել, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած պրեմիերաները` Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» 3 գործողությամբ օպերան, Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը:
Այս տարի նշվեց նաև Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակը: 85 տարվա կենսագրություն ունեցող նվագախումբը կարող է առաջիկայում կադրերի խնդիր ունենալ, քանի որ, ինչպես պնդում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուրադ Թոփչյանը, վատ վարձատրության պատճառով երաժիշտները ցանկանում են հեռանալ արտերկիր, որտեղ իրենց կատարած գործի համար կվարձատրվեն ըստ արժանավույնս: Նկատենք, որ հայ արվեստագետները` տարբեր ոլորտների, բայց հիմնականում երաժշտության, մասնակցելով միջազգային տարաբնույթ փառատոների, բավականին լավ արդյունքների են հասել: Օրինակ, Պ. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթի «Թավջութակ» անվանակարգում 1-ին մրցանակին է արժանանալՆարեկ Հախնազարյանը:
Հայաստանն այս տարի հյուրընկալել է հայտնի արվեստագետների ու նշանակավոր խմբերի, օրինակ Մարինյան թատրոն, նշվել է հայտնի հայ արվեստագետների հոբելյաններ (Ֆրիտյոֆ Նանսեն- 150 և այլք): Թատերական կյանքում էլ եղել են բազմաթիվ նոր ներկայացումներ, կինոոլորտում` կինոներ ու կրկին մրցանակներ: Ի դեպ, Երևանում դեռ գործում է «մեկուկես» կինոթատրոն, թեև ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդմանը, որ կկառուցվեն նորերը:
Մի փոքր էլ ճարտարապետություն
Հայաստանի տարածքում գտնվող ճարտարապետական կոթողներից ոչ բոլորն են բարվոք վիճակում: Պետությունը փորձում է որոշակի գումար հատկացնել այդ խնդրի լուծման համար, բայց ինչպես տեսնում ենք` հատկացվող գումարը քիչ է, որովհետև տարեկան շատ քիչ թվով հուշարձաններ են վերանորոգվել կամ ամրացվել: Սա ճարտարապետության հետ կապված միակ խնդիրը չէ: Երևանի ճարտարապետական դեմքը պահպանելու խնդիր էլ կա, որն օրեցօր ավելի է խորանում, քանի որ որևէ «մեկին» տվյալ «հին» շենքը դուր չի գալիս, հրամայում է քանդել, տեղը կառուցել «երկնաքեր»: Ու այդ ճանապարհով Երևանն այժմ շատ է կերպարանափոխվել ու կշարունակվի, եթե պետական մակարդակով վերահսկողություն չլինի: Այո, պետական, որովհետև քաղաքացիներն իրենց հասանելիքն անում են գերազանց: Հենց քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնություների ջանքերով մի քանի կառույցներ կանգնում են մնացել: Այս պարագայում ընդհանրապես չերևաց մշակույթի նախարարության խոսքը, մնաց անդեմ, չնայած մշակույթի նախարարությանն ուղարկված մեր հարցմանը, թե «Երևան քաղաքում առկա են բազում պատմա-մշակութային հուշարձաններ: Արդյո՞ք մշակույթի նախարարությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր դիզայների հետ` դրանց պատմական տեսքի պահպանման առումով», պատասխանեցին` «Այո, քաղաքապետարանի կողմից նախարարության համաձայնեցմանն են ներկայացվում հուշարձան-շենքերի գեղարվեստական հարդարման նախագծերը: Անհրաժեշտության դեպքում որոշակի լրամշակումներից հետո իրականացվում են դրանց հարդարման աշխատանքները»:
Ի դեպ, վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հարիսան Քեշքեք անունով մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ՝ իբրև թուրքական ազգային ճաշատեսակ, մինչդեռ հայ խոհարարների պնդմամբ, հարիսան և իր պատրաստման ձևով և պատրաստման համար օգտագործվող մթերքով զուտ հայկական է: Ըստ խոհարարների, ազգային խոհանոցը կազմում է մշակույթի մաս, այսինքն՝ այն նույնպես արտահայտում է տվյալ ժողովրդի ինքնատիպությունը:
Վերը նշվածից կարելի է գալ եզրակացվության, որ մշակույթի ոլորտի պատասխանատուն` մշակույթի նախարարությունը տարվա ընթացքում ավելի շատ զբաղված է եղել ինչ –որ միջոցառումներ կազմակերպելով` համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, կամ եթե նույնիսկ մեծ միջոցառումներ է կազմակերպել, օրինակ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությունը Վենետիկում, էլի ներկայացրել է մեր ունեցած ժառանգությունը, բայց հանդես չի եկել նորը ներկայացնողի դերով, նախաձեռնողի դերով: Հասարակության գնահատականն էլ այսպիսինն է` «թող չքանդեն, սարքելնելն էլ պետք չէ»: