Բժիշկները փրկեցին 2-ամյա Ադամի կյանքը. լեյկիմիան հաղթահարելի է
Առողջություն
17:43 05/01/2012

Բժիշկները փրկեցին 2-ամյա Ադամի կյանքը. լեյկիմիան հաղթահարելի է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկան կյանք նվիրեց ևս մեկ փոքրիկի. երկու տարեկան Ադամ Հախվերդյանն հաջողությամբ ավարտեց սուր լիմֆոբլաստային լեյկիմիայի բուժման փուլը:
Ադամի ծնողները, ում աչքերից ամիսներ շարունակ հուսահատության արցունքներ էին գալիս, ինը ամիս անց ուրախությամբ նշում են. «Հրաշք է տեղի ունեցել»:

Մինչդեռ լեյկիմիայի ախտորոշումը նրանց կողմից այն ժամանակ ընկալվել էր իբրև դատավճիռ. երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, իսկ տարիքը անբարենպաստ` 1.5 տարեկան, ինչի պատճառով հիվանդանոցները նրան չէին ընդունում, ու փրկության հույս գրեթե չկար:

Սակայն «Մուրացան» հիվանդանոցի հեմոտոլոգները դոցենտ Դանիելյանի ղեկավարությամբ իրենց պատասխանատվության տակ վերցրին երեխայի փրկության հարցը ու մեծ ռիսկի գնալով` հերթական անգամ հաղթեցին սարսափելի հիվանդությունը:
Իսկ Ադամը միակ փոքրիկը չէր այդ բաժանմունքում: Նրանից առաջ բժիշկները փրկեցին ութ ամսեկան Ալեն Թովմասյանի կյանքը, որը Հայաստանի առաջին ծծկեր երեխան էր, ով քիմիաթերապիայի կուրս է անցել ու հեմոտոլոգ Իսկանյանի հոգատար ձեռքերի շնորհիվ  հաջողությամբ ավարտել բուժման կուրսը:

Չնայած մեր այսօրվա հերոս Ադամը դեռ պետք է շարունակի թերապիան ու չնայած նրա բժիշկները չեն շտապում վերջնական հաղթանակ տոնել, այդուհանդերձ հույսը շատ մեծ է, որ փոքրիկը վերջնականապես կառողջանա:

Placeholder
Բժիշկները փրկեցին 2-ամյա Ադամի կյանքը. լեյկիմիան հաղթահարելի է