«Նախագահի հետ հանդիպումը նորաբաց թատրոնում հրաշալի նվեր է մտավորականների համար»
Մշակույթ
19:08 12/01/2012

«Նախագահի հետ հանդիպումը նորաբաց թատրոնում հրաշալի նվեր է մտավորականների համար»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մտավորականների հետ: Երկրի ղեկավարի՝ արդեն ավանդական դարձած ամանորյա հանդիպումը այս անգամ տեղի է ունեցել Հենրիկ Մալյանի անվան թատրոնի նորաբաց դահլիճում:

Նախագահ Ս.Սարգսյանը լսել է մտավորակններին, ովքեր պատմել են տարվա ընթացքում  իրենց ձեռքբերումների մասին: Այնուհետև Նախագահը դիտել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանած կինոնկարներից հատվածներ:

Նշենք, որ թատրոնը ստեղծվել է 1980թ-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի կողմից:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր ստեղծման օրից թատրոն-ստուդիան չէր վերանորոգվել և հայտնվել էր անմխիթար վիճակում: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ` 2011-ին որոշվել է վերակառուցել և վերանորոգել թատրոնի դահլիճն ու հարակից տարածքը՝ օգտագործելով այն թե թատրոն-ստուդիայի, թե միության միջոցառումների համար: Նշվեց նաև, որ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011թ-ի դեկտեմբերին:

«Վերջապես՝ ի ուրախություն մեզ, իրականացավ մեր վաղեմի երազանքը և այժմ մենք ունենք լավ, գեղեցիկ և հարազատ օջախ: Թատրոնի համար սկսվում է էլ ավելի պատասխանատու ժամանակաշրջան»,- ասաց Ն.Մալյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի մտավորական նշեցին, որ նորաբաց դահլիճում, այն էլ՝ հին Նոր Տարուց առաջ, հանդիպումը խորհրդանշական է:

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ նորաբաց դահլիճը գեղեցիկ և կոկիկ է, դա մեծ հույսեր է արթնացնում թատրոնի ապագա արդյունավետ գործունեության համար:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը իր խոսքում կարևորեց պետության աջակցությունը մշակույթի ոլորտին՝ բերելով Հանրային ռադիոյի էստրադային նվագախմբի օրինակը:

Դերասան Ազատ Գասպարյանը ևս շեշտեց, որ Նախագահի հետ հանդիպումը նորաբաց թատրոնում հրաշալի նվեր է մտավորականների համար: Նա նաև հույս հայտնեց, որ Նախագահի հետ հանդիպման ժամանակ կարծարծվեն 2012թ-ի կարևոր ծրագրերը: 
 
 

 

  

 

Placeholder
«Նախագահի հետ հանդիպումը նորաբաց թատրոնում հրաշալի նվեր է մտավորականների համար»