Իրանագետ. Իրանի Մեջլիսի նախագահի խոսքերը վերաձևակերպվել են
Հարցազրույցներ
17:48 19/01/2012

Իրանագետ. Իրանի Մեջլիսի նախագահի խոսքերը վերաձևակերպվել են

«Ա. Լարիջանիի հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնում կա, որը, թերևս, կարելի է թուրքական լրատվամիջոցների հերթական խեղաթյուրման արդյունք համարել»,- այս մասին «Panorama.am»-ին տված հարցազրույցում նշեց  իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Մեկնաբանելով Իրանի Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի՝ հունվարի 12-ին թուրքական «Անատոլիա» գործակալությանը տված հարցազրույցը, որտեղ իրանցի պաշտոնյան, խոսելով իր՝ Թուրքիա կատարելիք այցի նպատակների մասին, անդրադարձել է նաև ԼՂՀ հիմնահարցին, իրանագետը նշեց,  որ Լարիջանին իրականում հայտարարել է, թե «Իրանն ու Ադրբեջանը շատ ընդհանրություններ ունեն, սակայն ԼՂ հիմնահարցում առկա են տարբեր գործոններ: Դա միջազգային հիմնահարց է, որը պետք է լուծվի ներկայում ընթացող բանակցությունների միջոցով»:

Ըստ Ռ. Յարալյանի՝ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին սրանով մեկ անգամ ևս հաստատեց,  2011թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ԻԻՀ նախագահների համատեղ հայտարարության մեջ ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ առկա հիմնադրույթները, որոնք արձանագրում են «ԼՂՀ հիմնահարցը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի և հիմնարար սկզբունքների շրջանակներում հանգուցալուծելու անհրաժեշտությունը»:

Մեկնաբանելով Ա. Լարիջանիի հայտարարության այն հատվածը, թե «ԼՂՀ հիմնահարցում Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները մինչև որոշակի կետ շատ մոտ են», իրանագետը պարզաբանում է, որ Իրանի Մեջլիսի նախագահի խոսքերը վերաձևակերպվել են թուրքական ԶԼՄ-ների կողմից:

Իրականում, ըստ իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության, Ա. Լարիջանին պարզապես ցանկություն է արտահայտել, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացում Անկարայի դիրքորոշումը հնարավորինս համընկնի իրանականի հետ և միաժամանակ վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր ստանձնելու վերոհիշյալ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիոցները Ա. Լարիջանիի խոսքերը փոխանցել էին, թե `« ԼՂ հիմնահարցը տարածաշրջանային երկրների խնդիրն է և այդ խնդիրը պետք է լուծվի հենց այդ երկրների ջանքերով»:

Placeholder
Իրանագետ. Իրանի Մեջլիսի նախագահի խոսքերը վերաձևակերպվել են