Մանուկ Վարդանյանը մեկնում է Ժնև
Տնտեսություն
16:46 19/01/2012

Մանուկ Վարդանյանը մեկնում է Ժնև

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-25-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին (WRC-12): Այդ մասին տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Կոնֆերանսը աշխատանքները կսկսի հունվարի 23-ին և կավարատի փետրվարի 17-ին, որին կմասնակցեն ՀՄՄ բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները և մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ:

Տեղեկանում ենք նաև, որ համաշխարհային ռադիոկոնֆերանսի հիմնական նպատակն է ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցերը: Մասնավորապես, քննարկվելու է հաճախականային տիրույթներում ռադիոկապի տարբեր ծառայություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` ներառելով ռադիոկապի ծառայություններում գործող հաճախականային բաշխումների արդյունավետ օգտագործմանը նպաստող անհրաժեշտ ռադիոռեգլամենտար փոփոխությունների եւ ռադիոկապի ծառայություններում հնարավոր նոր բաշխումների իրականացումը:

Կոնֆերանսի վերջում յուրաքանչյուր պատվիրակության ղեկավար կամ լիազորված անձ կստորագրի Ռադիոկոնֆերանսի եզրափակիչ ակտերը, որոնք միջազգային աշխատանքների իրականացման փաստաթուղթ կհանդիսանան հետագա 4 տարիների համար:
 

Placeholder
Մանուկ Վարդանյանը մեկնում է Ժնև