Եվրատեսիլ 2012. Տոն Բաքվի  գրպանահատների  համար
Իրավունք
16:22 27/01/2012

Եվրատեսիլ 2012. Տոն Բաքվի գրպանահատների համար

Բաքվում մայիսին անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին Ադրբեջանում յուրաքանչյուրը յուրովի է նախապատրաստվում: Ադրբեջանցիներից շատերն այդ միջոցառումը գնահատում են որպես եկամտի աղբյուր:

«tia.az»-ը գրում է, որ «Եվրատեսիլ-2012»-ից սպասելիքներ ունեն նաև Բաքվի հայտնի գրպանահատները: Բաքվի ոստիկանությունը «Եվրատեսիլ-2012» մրցույթն անվտանգ և արդյունավետ կազմակերպելուն նպաստելու համար ուժեղացրել է գրպանահատների, մուրացկանների դեմ միջոցառումները:

Ենթադրվում է, որ այդ նպատակով մրցույթի նախօրեին ոստիկանությունը Բաքուն կմաքրի գրպանահատներից և մուրացկաններից: Սակայն գրպանահատները պնդում են, որ իրենց ոչինչ էլ չի կարող խանգարել Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման ժամանակ սեփական «գործերը» շարունակելուն: Բաքվի հանրահայտ գրպանահատ Ռուստամ Աղաևն ասում է, որ արտաքնապես ճանաչելով մուրցականներին, գուցե հնարավոր է գալ նրանց հախից, բայց գրպանահատների նկատմամբ ոստիկանությունը ոչինչ էլ չի կարող անել:

«Գրպանահատներն իրենց հագուկապով ուրիշներից չեն տարբերվում: «Եվրատեսիլ»-ի ժամանակ Բաքու հազարավոր արտասահմանցիներ են գալու: Բնական է, որ այստեղ եկողները աղքատներ չեն: Գրպանահատները մտադիր են չկորցնել այդ առիթը և փող աշխատել», -ասել է նա:

Հայտնի գրպանահատի խոսքով` ենթադրվում է, որ «Եվրատեսիլ-2012»-ի կապակցությամբ որպես զբոսաշրջիկ Բաքու կժամանեն նաև արտասահմանցի գրպանահատներ: «Ռուսաստանում անցկացված «Եվրատեսիլ»-ի օրերին Մոսկվա են մեկնել նաև մեր գրպանահատները, որոնք այնքան փող են աշխատել, որ պարտքերը փակելուց հետո, իրենց էլ է ահագին փող մնացել»,- նշել է նա:

Placeholder
Եվրատեսիլ 2012. Տոն Բաքվի գրպանահատների համար