Տեղակալ նշանակելով հիմա Պաշտպանը օրենք խախտել է, թե չէ
Իրավունք
16:43 01/02/2012

Տեղակալ նշանակելով հիմա Պաշտպանը օրենք խախտել է, թե չէ

Մարդու իրավունքների պաշտպանի երկու տեղակալների նշանակումը որոշ տարակուսանքի տեղիք է տվել: Պաշտպանն այժմ ունի մեկ գլխավոր խորհրդական և չորս այլ խորհրդականներ, իսկ այսօրվանից ահա ունենալու է երկու տեղակալ` որպես 1-ին տեղակալ նշանակվել է աշխատակազմի նախկին ղեկավար Աշոտ Վահանյանը և մյուս տեղակալ է նշանակվել Գենյա Պետրոսյանը։

Բանն այն է, որ 2003-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 22-րդ հոդվածը պահանջել է, որ լինի ՄԻՊ տեղակալ, որը պետք է նշանակվեր Պաշտպանի առաջարկությամբ: Այդ օրենքի նույն հոդվածը 2006 թվականին սակայն, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած ճանաչվեց և դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանը տեղակալ չի ունեցել:

ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից այսօր պարզաբանեցին, որ «Պաշտպանի տեղակալների ինստիտուտի նորովի վերաբացումը պայմանավորված է Պաշտպանի և իր աշխատակազմի գործունեության ակտիվությամբ և դրա հետևանքով առաջացած աշխատանքների ծավալների կտրուկ ավելացմամբ»։
 
Նույն տեղեկատվության համաձայն, «Պաշտպանի աշխատակազմում տեղակալների հաստիքների ֆինանսական ապահովման համար պետբյուջեից ավելացում չի արվել, իսկ այս և մի շարք կառուցվածքային այլ փոփոխությունները լրացուցիչ չեն ծանրաբեռնել հարկատուներին։ Փոփոխությունները կատարվել են բացառապես եղած միջոցների արդյունավետ բաշխման միջոցով»:

Panorama.am-ը փորձել է պարզաբանումներ ստանալ Պաշտպանի նորանշանակ 1-ին տեղակալ Աշոտ Վահանյանից

- Ի՞նչ եք անելու նոր պաշտոնում, պրն. Վահանյան

- Իրականում աշխատանքի ծավալներն են մեծացել, և հիմնականը ներկայացուցչությունը ապահովելն է:

- Այսի՞նքն

- Ես` որպես աշխատակազմի ղեկավար, պետական այլ մարմիններում կամ ներկայացուցչական հանդիպումներում չէի կարողանում ապահովել Պաշտպանի բացակայությունը: Պաշտպանը լինում է արտասահմանյան գործուղումներում և կարիք է առաջանում նրա փոխարեն ոչ թե իրականացնել նրա լիազորությունները, այլ ներկայացուցչությունն ապահովել որոշ դեպքերում:

- Ի՞նչ է անելու մյուս տեղակալը

- Գենյա Պետրոսյանն էլ ունի նույն ֆունկցիաները: Մեր ներքին կառուցվածքային բաժանումներն արել ենք: Ես զբաղվելու եմ հիմնականում արագ արձագանքման ծառայությունով: Մենք ակտիվացրել ենք մեր թեժ գիծը, և արագ արձագանքումը Հայաստանում, փետրվարի վերջից` մարզերում: Մյուս հարցը հիմնարկի ֆինանսատնտեսական կառավարումն է, ինչպես նաև օրենսդրական ոլորտը: Պաշտպանը չէր հասցնում անել այդ ամենը և միաժամանակ իր ներկայությունը ապահովել այս կամ այն հանդիպումներում և կարիք է առաջանում ունենալ տեղակալներ, որոնք հանդես կգան որևէ հանձնաժողովում կամ որևէ քննարկման ժամանակ: Ճիշտ է աշխատակազմի ղեկավարը կամ խորհրդականը ներկայացնում են Պաշտպանին այդ հանդիպումներում, բայց դա նրանց կողմից չի դիտվում որպես Պաշտպանին փոխարինող մարդ:

- Պարոն Վահանյան, Պաշտպանի` տեղակալներ ունենալու մասին օրենքի պահանջը ուժը կորցրած է ճանաչվել 2006-ին, արդյոք օրենքի խախտմամբ չե՞ք դառնում Պաշտպանի տեղակալ

- Ոչ, օրենքի մեջ նշված տեղակալը փոխպաշտպան էր, այսինքն Պաշտպանի փոխարինող անձ էր` նրա բացակայության, պաշտոնը թողնելու և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ: Էդ ժամանակ այդ հոդվածով նշանակված տեղակալը փոխարինում էր Պաշտպանին:

- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով տեղակալներ, փաստորեն, Պաշտպանը չպետք է ունենա

- Եթե օրենքը չի արգելում դա, ապա թույլատրվում է: Դա իրավաբանության մեջ ընդունված է (ծիծաղում է)

- Այդպիսի չգրված օրե՞նք կա

- Իհարկե: Նորից ասում եմ` օրենքով սահմանված պաշտպանի լիազորությունները չեն անցնում ոչ ինձ, ոչ մյուս տեղակալին: Օրինակ այլ երկրների օրենքի տրամաբանությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա տեղակալ, որը կներկայացնի իրեն: Հայաստանում ես չեմ կարող ասել` ինչու 2006-ին հանվեց այդ կետը: Օրինակ, եթե Պաշտպանը բացակայի երկրից, ես նրա փոխարեն որևէ փաստաթուղթ չեմ կարող ստորագրել, պետք է անպայման ինքը դնի իր ստորագրությունը:

- Այսինքն Ձեզ նշանակելով, Պաշտպանը օրենքը չի՞ խախտել

- Միանշանակ, որևէ խախտում չկա: Ինչպե՞ս կարող ենք օրենքը խախտել:


Հ.Գ. 2003-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 22-րդ հոդվածը սահմանում էր հետևյալը. «Պաշտպանի տեղակալն իրականացնում է Պաշտպանի լիազորությունները Պաշտպանի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակ կամ Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում: Վերջին դեպքում Պաշտպանի տեղակալն օգտվում է Պաշտպանի համար նախատեսված բոլոր իրավունքներից, երաշխիքներից ու անձեռնմխելիությունից: Պաշտպանի տեղակալի այլ լիազորություններ սահմանում է Պաշտպանը»։
 

 

Placeholder
Տեղակալ նշանակելով հիմա Պաշտպանը օրենք խախտել է, թե չէ