Լևոն Արոնյանը բացառում է Բաքվում խաղալու տարբերակը
Սպորտ
15:13 02/02/2012

Լևոն Արոնյանը բացառում է Բաքվում խաղալու տարբերակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի շախմատային ֆեդերացիան հայտ է ներկայացրել ՖԻԴԵ` աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու համար: Ադրբեջանական ֆեդերացիայի փոխնախագահ Մամեդովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ցանկացած պայման ստեղծել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար, միայն թե նա չհրաժարվի Բաքվում հանդես գալուց:
Կապված այս հարցի հետ` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, պատասխանելով մեր թղթակցի հարցին, նշել էր, որ իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Նշենք, որ Լևոն Արոնյանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է ՀՇՖ-ի պաշտոնական կայքում: Այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2 փետրվարի 2012 թ.
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,
ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին

Հարգելի պարոն նախագահ,
նախագահական խորհրդի հարգելի անդամներ

Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունն անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի` ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչն անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը` տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:

Կանխավ շնորհակալությամբ և խորին հարգանքներով`
Գրոսմայստեր Լևոն Արոնյան

Placeholder
Լևոն Արոնյանը բացառում է Բաքվում խաղալու տարբերակը