Ադրբեջանը փոշմանել է….կամ ինչո՞ւ չստորագրվեցին Ադրբեջանից Ուկրաինա հեղուկ գազի առաքման փաստաթղթերը
Քաղաքական
12:35 02/02/2012

Ադրբեջանը փոշմանել է….կամ ինչո՞ւ չստորագրվեցին Ադրբեջանից Ուկրաինա հեղուկ գազի առաքման փաստաթղթերը

Դեռևս 2011թ.-ին, երբ Դավոսում Ուկրաինայի և Ադրբեջանի կառավարությունների կողմից ստրորագրվեց հեղուկ բնական գազի առաքման կազմակերպման համագործակցության մասին Հուշագիրը, դժվար թե Ուկրաինայի ղեկավարները մտածեին, որ ուղիղ մեկ տարի հետո Ադրբեջանի նախագահը անհեթեթ պատճառ բերելով. պետք է նվաստացներ Ուկրաինային, հրաժարվելով ստորագրել հեղուկ գազի առաքման համաձայնագիրը, այն էլ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում աշխարհի գործարար և կառավարող էլիտայի աչքի առջև:

Դեռևս մեկ տարի առաջ թե՛ Ադրբեջանում, թե՛ Ուկրաինայում այդ Հուշագիրը դիտվեց որպես հաղթանակ երկու երկրների համար: Ուկրաինայի համար որպես Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազմանը ուղղված կարևոր քայլ, իսկ Ադրբեջանի համար որպես Ադրբեջանի բազմավեկտոր էներգետիկ քաղաքականության հաջող իրականացման ևս մեկ ապացույց: Հիշեցնենք, որ խոսքը տարեկան 5 մլրդ. մ3 ադրբեջանական հեղուկ բնական գազը տանկերներով Սև ծովով դեպի Ուկրաինա առաքման նախագծի մասին էր: Նախատեսվում էր Վրաստանի տարածքում Սև ծովի ափին կառուցել բնական գազից հեղուկ գազի ստացման գործարան, միաժամանակ Ուկրաինայի տարածքում հեղուկ բնական գազի ընդունման LNG-տերմինալ, որի նախագծային արժեքը գնահատվում է 1-ից մինչև 1.5 մլրդ. ԱՄՆ դոլլար: Նախատեսվում էր ստեղծել նաև ուկրանիա-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն աշխատանքների իրականացման համար: Ուկրաինան պետք է 2014 թ.-ից արդեն ընդուներ ադրբեջանական գազը:

Բանակցությունները ավարտվել էին, արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ էին և պլանավորված էր, որ այս տարվա հունվարի 27-ին Դավոսում երկու երկրների էներգետիկայի նախարարները այդ երկրների նախագահների ներկայությամբ կկնքեն տվյալ համաձայնագիրը: Սակայն, համաձայնագիրը կնքելուց մի քանի ժամ առաջ: Ադրբեջանի նախագահը հանկարծակի հրաժարվեց փաստաթղթերը ստորագրելուց: Որոշ ժամանակ անց ուկրաինական ու որոշ ռուսական լրատվամիջոցներում անանուն աղբյուրների վրա հղումում պարզաբանում շրջանառվեց, թե ադրբեջանական մերժման պատճառը Ուկրաինայի կողմից Հայաստանին զենք վաճառելու փաստն է:

Նախ անդրադառնանք ,,հայկական վարկածին,,: Ռուս և ուկրաինացի փորձագետների արձագանքներից պարզ էր, որ Ադրբեջանի կողմից բերված այդ փաստարկը լուրջ չէ և այստեղ այլ հիմնավոր պատճառներ կան: Այնուամենայնիվ, նշենք, որ շփոթված Ուկրաինայի համար, Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված այս փաստարկը տանելի բացատրություն է (չի բացառվում, որ այն նույնիսկ երկկողմանի համաձայնեցված է եղել, քանի որ լրատվական հաղորդագրություններում այս հնչողությամբ վերնագրերն էին հիմնականում գերիշխում): Ուկրաինայի համար, որը հասկացել է, որ այս անգամ նորից տանուլ տվեց Ռուսաստանի հետ այս փոքրիկ խաղը, հայերին իբրև զենք վաճառելու վարկածը կլինի համեմատաբար մեղմացնող հանգամանք իր ձախողումը բացատրելու համար: Միաժամանակ ուկրաինացիները շրջանառության մեջ դրեցին այլ տեսակետեր, թե այս նախագիծը ժամանակին Ուկրանիայի կողմից առաջ քաշված բլեֆ էր, որը հակադրվել էր Գազպրոմի ,,Հարավային Հոսքին,, այդ պատճառով էլ այն այդքան կարևոր չէր Ուկրաինայի համար:

Իսկ Ադրբեջանի դեպքում Հայաստանի կողմից ուկրաինական զենք ձեռք բերելու շրջանառության մեջ դրված փաստարկը եռակի նշանակություն ունի, նախ ներքին և արտաքին շրջապատին ցույց տալու, թե որքան կոշտ, սկզբունքային և հետևողական է Ադրբեջանի դիրքորոշումը, որն իր տնտեսական շահերը երկրորդ պլան մղելով, կարևորում է իր անվտանգությունը և քաղաքական սկզբունքայնությունը: Եվ երկրորդ` Ադրբեջանը դրանով թաքցնելով իրական պատճառները, միաժամանակ փորձում է ժամանակ շահել, ավելի լավ կշռադատելու, մանևրելու և այն իր օգտին հետագայում խաղարկելու համար: Եվ երրորդ` Ադրբեջանը փորձում է հավասար նժարների վրա դնել իր և Հայաստանի զինվելու փաստը:

Սակայն վերադառնանք իրական պատճառներին: Այն պնդումները, թե մինչև Շահ Դենիզի 2 փուլի գործարկումը, Ադրբեջանը չի կարողանա ապահովել իր կնքած բազմաթիվ պայմանագրերի շրջանակներում բնական գազի մատակարարման պարտավորությունները ճիշտ են (եթե նույնիսկ շահագործվեն Ումիդ և Ապշերոն հանքավայրերը), չմոռանանք, որ այսօր նույնիսկ Հարավ-Կովկասյան գազամուղը ամբողջովին չի կարողանում ապահովել նախագծային թողունակությունը: Սակայն չմոռանանք նաև, որ Ադրբեջանի համար այնքան էլ կարևոր չէ, թե կկարողանա՞ բավարարել այդ պայմանագրերի շրջանակներում գազի մատակարարումը թե ոչ, ավելի կարևոր է այդ պայմանագրերի կնքման շուրջ բարձրացված խոսակցությունները, առևտուրը և դրանց հաշվին շահագրգիռ կողմերից դիվիդենտներ կորզելը: Բացի այդ բազմաթիվ պայմանագրերի առկայությունը հետագայում հզոր գործոն կլինի ադրբեջանական գազը սպառող եվրոպական երկրների և էներգետիկ ընկերությունների կողմից թուրքմենական գազը իր տարածքով անցկացնելու նպատակով Ռուսաստանի և Իրանի վրա ճնշումներ գործադրելու համար, որպիսի կառուցվի Տրանսկասպյան գազամուղը:

Տեղեկատվության համար նշենք, որ Ադրբեջանում անցած տարի, նախանցած տարվա համեմատ ավելի քիչ բնական գազ է արդյունահանվել` 2011 թ.-ին Ադրբեջանը արդյունահանել է 25.7 մլրդ. մ3 գազ (գազի հանքավայրերից և նավթի հանքավայրերից ուղեկից կորզվող գազը միասին), իսկ 2010 թ.-ին` 26.2 մլրդ. մ3: Անցած տարի, արդյունահանված գազից արտահանվել է 6.1 մլրդ. մ3-ը, որից Թուրքիա` 4.1 մլրդ. մ3, Վրաստան` 0.9 մլրդ մ3, Ռուսաստան` 0.8 մլրդ. մ3, Իրան 0.3 մլրդ. մ3:

Համենայն դեպս կարելի է ասել, որ դավոսյան գազային համաձայնագրի տապալումը ռուս-թուրքական նուրբ խաղի արդյունք է: Այսպիսով Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով փորձում է տապալել Ուկրաինայի ջանքերը Ռուսաստանից անկախ գազի մատակարարման նոր ուղի ձևավորելու համար: Չմոռանանք, որ եթե Ադրբեջանը լրիվ հրաժարվի այդ նախագծին մասնակցելուց, ապա Ուկրաինայում հեղուկ բնական գազի տերմինալի կառուցման ֆինանսավորումը չի իրականացվի: Նշենք, որ այդ տերմինալը պետք է ունենար 10 մլրդ. մ3 թողունակություն, որը Ադրբեջանից պետք է 2015 թ.-ից ստանար 5 մլրդ. մ3 հեղուկ գազ (հետագայում հասցնելով նույնիսկ 14 մլրդ. մ3-ի), իսկ մնացած 5 մլրդ. մ3 հեղուկ գազը Ուկրաինան պետք է ստանար Ալժիրից, Կատարից և այլ երկրներից: Իսկ առանց ադրբեջանական գազի պոտենցիալ ներդրողները չեն ֆինանսավորի այդ նախագիծը: Արդյունքում Ուկրաինան դեռևս երկար ժամանակ ստիպված կլինի գնել ռուսական թանկ գազը, մինչև կարողանա գազի մատակարարման այլ աղբյուրներ գտնել:

Դեպի Ուկրաինա հեղուկ բնական գազի առաքման այս նախագիծը, ինչպես նաև АGRI և Սպիտակ Հոսք նախագծերը եթե իրականանան, կարելի է ասել տարածաշրջանում փոխում են էներգետիկ հարաբերությունների կառուցվածքը, քանի որ որոշ առումով այն ունի արմատական բնույթ, որովհետև միաժամանակ շրջանցում է թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին: Արդյունքում Թուրքիան այլևս մոնոպոլ չի լինի ադրբեջանական գազի դեպի Եվրոպա տրանզիտի համար: Չմոռանանք անցած տարի Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքած ТАNАP-ը (Տրանս-անատոլիական գազամուղ նախագիծը) ադրբեջանական գազի համար պայքարում թուրքական այս քաղաքականության տրամաբանությունն է հուշում:

Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Ադրբեջանի համար այս երկիրը իր էներգետիկ առաջնահերթությունների շարքում ներկա պահին ամենավերջին պլան մղվեց: Այսպիսով պարզ է դառնում, որ Ադրբեջանը Ուկրաինային պարզապես զոհաբերեց Ռուսաստանին և Թուրքիային, միգուցե վերջին պահին դրա դիմաց այս երկրներից որոշակի բան պոկելով: Չնայած ուկրաինացիները հուսով են, որ Ադրբեջանը դեռևս որոշակի time out-ից հետո կկողմնորոշվի և այդ համաձայնագիրը վերջապես կկնքվի: Սա ցույց է տալիս, որ Ուկրաինան պետք է համապատասխան հետևություններ անի Ադրբեջանի` այդ «վստահելի գործընկերոջ», հետ հետագայում քաղաքական և տնտեսական հարաբերություններ կառուցելու ժամանակ:

Placeholder
Ադրբեջանը փոշմանել է….կամ ինչո՞ւ չստորագրվեցին Ադրբեջանից Ուկրաինա հեղուկ գազի առաքման փաստաթղթերը