Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ բանակում իրականացնում է կրթական նոր ծրագիր: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրենք ստանձնում են պատասխանատվություն` աշխատել յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզեն, թե ինչպիսի կարողություններ և ցանկություն ունի այդ երիտասարդը բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու համար:
«Երբ մեր երիտասարդները ծառայում են բանակում, հետո խնդիր է առաջանում, թե ինչպես է այդ երիտասարդների հետագա կյանքը դասավորվելու բանակից վերադառնալուց հետո: Իսկ այս ծրագրով մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում, և եթե նրանք ցանկություն ունեն շարունակել իրենց ուսումը, ապա պետությունը բանակից սկսած օժանադակելու է զինծառայողներին»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով` բանակում հնարավորություն է ստեղծվելու զինծառայողի համար, որպեսզի նա պատրաստվի բուհ ընդունվելուն կամ իր ուսումը տեխնիկական որևէ ուսումնարանում շարունակելու համար, կամ եթե նա ունի հստակ դիրքորոշում, թե ինչ աշխատանքով է ցանկանում զբաղվել: Այսպիսով, այս երեք ուղղություններով պետությունը օժանդակելու է:
«Դա նշանակում է, որ մեր ընտանիքները իրենց երեխաներին բանակ ուղարկելիս լինելու են հանգիստ այն առումով, որ բանակից հետո պետությունը իրենց երեխաների համար աշխատանքի կամ ուսման խնդիրները լուծելու է: Դա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի մթնոլորտը, ընտանիքները հանգիստ կլինեն, որ պետությունը ապահովելու է շարունակականությունը կրթության առումով»,- նշեց Տ. Սարգսյանը: