Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2011 թվականի ընթացքում անչափահասների կողմից ինքնասպանություն գործելու 45 փորձ է գրանցվել, որոնցից մահվան ելքով` 9 դեպք: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` համեմատության համար նշելով, որ 2010 թվականին ինքնասպանության 41 փորձ է գրանցվել, որից մահվան ելքով` 13-ը:
«Ինքնասպանության փորձ կատարած երեխաների մեծ մասը դեղահաբ են խմել, կամ շեղբով կտրել դաստակը», - ասաց նա` նշելով, որ ինքնասպանության փորձ կատարած անչափահասների մեծ մասն իգական սեռի է:
Ըստ բանախոսի, 2011թվականին ինքնասպանության փորձ գործաց ամենակրտսեր անչափահասը 14 տարեկան էր:
«Ինքնասպանության փորձերի մեծ մասը կապված է սիրային կամ ընտանեկան պատճառների հետ», - հավելեց ոստիկանության գնդապետը:
Անդրադառնալով հայաստանցի դեռահասների շրջանում «էմո» սուբկուլտուրայի տարածվածությանը` Նելլի Դուրյանը նշեց, որ 2010 թվականից այս ենթամշակութային շարժման նկատմամբ ոստիկանության աչալուրջ վերահսկողության շնորհիվ հնարավորություն եղավ հասարակության մոտ բարձրացնել զգոնությունը:
«Երբ 2010 թվականին մենք ահազանգեցինք անչափահասների այս ենթամշակութային շարժման մասին, մենք նշում էինք, որ դա հանցագործություն չէ: Որպես անչափահասների գծով ոստիկանության լիազորված ստորաբաժանում` մենք պարտավոր էինք հետևել այդ շարժմանը, որովհետև գիտեինք, որ դրա վտանգը բավական մեծ է` դեպրեսիա, ինքնասպանության փորձեր», - ասաց նա` նշելով, որ 2011 թվականին ինքնասպանության փորձ կատարած դեռահասների շրջանում «էմո» սուբկուլտուրայի հետևորդներ լինելու մասին ոստիկանությունը տվյալներ չունի: