Ազգային կինոյի մրցանակաբաշխության 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը հայտնի են
Մշակույթ
11:40 09/02/2012

Ազգային կինոյի մրցանակաբաշխության 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը հայտնի են

ՀՀ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը: Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Ազգային կինոկենտրոնից:

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: Առաջին մրցանակաբաշխության համար ընդունվել են 1991-2011թթ. միայն Հայաստանում նկարահանված ֆիլմերը: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին 12 անվանակարգերում: Բացի հիմնական անվանակարգերից շնորհվելու է հատուկ մրցանակ հայկական կինոյի զարգացման մեջ ունեցած ավանդի համար:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված 20 հայտից երեքը դարձել են հավակնորդներ. ռեժիսորներ Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի և Վիգեն Չալդրանյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ժանո» և «Ձայն բարբառո…» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ են դարձել` ռեժիսորներ Հարություն Խաչատրայանը («Սահման»), Դմիտրի Կեսայանցը («Անիծվածները») և Վիգեն Չալդրանյանը («Ձայն Բարբառո…»):

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 15 հայտից քվերակության արդյունքում ընտրվել են «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Վավերագրողը» և «Սահման» ֆիլմերի օպերատորները` Լևոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը և Վրեժ Պետրոսյանը:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 21 ֆիլմից ընտրվել են Առնոլդ Աղաբաբով – Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան-Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան-Ա.Այվազյան-Ա.Ստեփանյան` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Պոետի վերադարձը» և «Ձայն բարբառո…» ֆիլմերի սցենարիստները:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 9 հայտից ընտրվել են «Քրմուհին», «Ժանո» և «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարիչներ` Վիգեն Չալդրանյան-Վարդան Սեդրակայան և Վարդան Սեդրակայանը մյուս 2 ֆիլմերից:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 18 ֆիլմից ընտրվել են Վահագն Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը և Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» և «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 10 հայտից ընտրվել են Աննա Էլբակյանը, Անահիտ Հարությունյանը և Ռուզան Վիթ Մեսրոպյանը` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ուրախ ավտոբուս» և «Քրմուհին» ֆիլմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 20 հայտից քվերակության արդյունքում ընտրվել են Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը և Միքայել Պողոսյանը «Ժանո», «Ընկեր Փանջունի» և «Երեւան, ջան» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 24 ֆիլմերից ընտրվել են Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», Վահե Գևորգյանցի «Մեծ տոն» և Արման Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված են եղել թվով ամենաշատ` 36 հայտերը, որոնցից ժուրին ընտրել է Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն», Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին» և Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվել են Դավիթ Սահակյանի «Հայրեններ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» և Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 13 հայտից ընտրվել են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Գուժ Թադևոսյանի «Մարգար պապ» և Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ Արմենիա» ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները` 12 լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչև մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում և հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն:

Placeholder
Ազգային կինոյի մրցանակաբաշխության 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը հայտնի են