Նախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
Տնտեսություն
10:24 10/02/2012

Նախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Լավրենտյու Հրիսթեային` վերջինիս խնդրանքով: Այցը պաշտոնական բնույթ չէր կրում, այդուհանդերձ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը եվրոպացի պաշտոնյային հանգամանորեն ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ցուցանիշները, ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսությունում իրականացվող ծրագրերը և այն ոլորտները, ուր առաջիկայում նախատեսվում են համագործակցության նոր հեռանկարներ:

Նշվել է, որ 2009–2011 թ-ի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ընթացել են երկու կարևորագույն ուղղություններով` «Գյուղատնտեսության զարգացման և արտադրության խթանում» և «Սանիտարական և բուսասանիտարական հարցեր»:
Այդ ընթացքում ընդունված և մշակվող իրավական ակտերից նախարարը հատկապես կարևորել է հետևյալները.
«ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և այլն:

Անդրադարձ է եղել նաև նրան, որ ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում ընթացիկ տարում կսկսվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի, ինչպես նաև գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու աշխատանքները:

Դեսպան Հրիսթեան իր հերթին պատրաստակամություն հայտնեց օժանդակել ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործմանն ու նպաստել արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը:

Placeholder
Նախարարը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին