Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Panorama.am-ի «ԱԺ նախկին նախագահի նախկին օգնականի արկածները Ծաղկաձորում և ոչ միայն» հրապարակումը, որում տեղեկացրել էինք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հրաժարական տված օգնական Սերգեյ Լոքյանը ամիսներ անց դեռ շարունակում է վարել Ազգային Ժողովի հաշվեկշռում գրանցված պետհամարանիշներով ավտոմեքենա մի շարք խախտումների բացահայտումներ իր հետ բերեց:
Մասնավորապես, ԱԺ-ից ի պատասխան այդ հրապարակման մեզ տեղեկացրեցին, թե «կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրոք, ԱԺ-ին պատկանող որոշ համարանիշեր ապօրինի շահագործվում և գտնվում են այլ` ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդկանց մոտ» , բայց ուսումնասիրությունը կշարունակվի:
Օրերս դիմեցինք ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությանը պարզելու, թե ո՞ր փուլում է գտնվում հիշատակած ուսումնասիրությունը և արդյո՞ք արդեն հայտնի են անձինք, ովքեր ապօրինաբար օգտագործում են ԱԺ-ին պատկանող համարանիշները:
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ԱԺ-ին պատկանող որոշ ավտոհամարանիշների` ԱԺ-ի հետ կապ չունեցող շահագործողներին հայտնաբերելու ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դրանցից 4-ը շահագործվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, 4-ը վերադարձվել է ԱԺ, 3-ը կորած են, ինչի մասին տեղեկացվել է ոստիկանությանը»,- ստացանք պատասխանը:
Նաև հավաստիացնում, որ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչությունը հետամուտ է մնացած` շուրջ երկու տասնյակ համարանիշների ապօրինի օգտագործումը կանխելուն, քանզի ոստիկանությունից արդեն իսկ ստացվում են ահազանգեր` ԱԺ-ի հետ կապ չունեցող անձանց կողմից այդ համարներով մեքենաներով երթևեկության կանոնների խախտման դեպքերի առնչությամբ:
«Պետհամարանիշերի հաշվառում և գույքագրում կատարելուց անմիջապես հետո Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչությունը կձեռնարկի համապատասխան քայլեր վերոհիշյալ համարանիշերի ապօրինի օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ»,- նաև ասված է պատասխանում:
Սակայն Panorama.am-ի ամենակարևոր հարցադրումը` թե ի՞նչ է լինելու բացահայտումից հետո և ո՞վ է պատասխանատու այդ իրավիճակի համար, դեռևս մնաց անպատասխան:
Նախորդող` ԱԺ նախկին նախագահի նախկին օգնականի արկածները Ծաղկաձորում և ոչ միայն