Լ. Գալստյան. Մեր բարոյահոգեբանական տեսակը «ֆիրդուսանոցից» այն կողմ չգնաց
Հասարակություն
15:30 14/02/2012

Լ. Գալստյան. Մեր բարոյահոգեբանական տեսակը «ֆիրդուսանոցից» այն կողմ չգնաց

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանաչ տարածքի, բնության պահության համար տարաբնույթ միջոցառումներ է իրականացնում, մինչդեռ Երևանի կենտրոնի գլխավոր պուրակը դարձնում են 90-ական թվականների գավառական տոնավաճառ, քանի որ մեր բարոյահոգեբանական տեսակը, տնտեսական մտածողությունը ֆիրդուսանոցի, վրանների տակի տոնավաճառից այն կողմ չգնաց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը` խոսելով Մաշտոցի պուրակ (Մարգարյան հիվանդանոցի դիմացի այգում) Աբովյան փողոցից ապամոնտաժված բուտիկների տեղափոխման մասին:

Նա ընդգծեց, որ Երևանի կենտրոնն անապատացվում է, իսկ ծառերը տնկվում են բլուրներին, քանի որ այդտեղ «փողեր լվանալու հնարավորություն կա»: Ըստ ԱԺ պատգամավորի, նման քայլի դիմելով` Երևանի քաղաքապետարանը նախ և առաջ խախտում է Օրհուսի պայմանագիրը, որը կնքել է նաև Հայաստանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Օրհուսի պայմանագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 14-ին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության և բարեկացության նպատակով բարենպաստ շրջակա միջավայրի մարդու իրավունքների, տեղեկատվություն ստանալու իրավունքի, որոշումերի ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքի և շրջակա միջավայրին վերաբերող հարցերով արդարադատությանը դիմելու իրավունքի պաշտպանությանը:

Լ. Գալստյանն ասաց, որ Հայաստանում ընդհնարապես քաղաքակրթության համար պայքարի խնդիր կա` մի կողմից արխայիկ արժեքներն են, մյուս կողմից` քաղաքակրթական: «Մեզ այսօր արժեքների հեղափոխություն է պետք»,- շեշտեց ՀՅԴ-ական պատգամավորը:

 

Placeholder
Լ. Գալստյան. Մեր բարոյահոգեբանական տեսակը «ֆիրդուսանոցից» այն կողմ չգնաց