Հ. Շահինյան. «Ալբերտ Երիցյանի առաջադրման հարցը նախ` պետք է քննարկվի կուսակցության ներսում»
Քաղաքական
14:30 16/02/2012

Հ. Շահինյան. «Ալբերտ Երիցյանի առաջադրման հարցը նախ` պետք է քննարկվի կուսակցության ներսում»

Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնական ընտրակարգով՝ իր թեկնածությունն առաջադրելով Արաբկիր վարչական շրջանում: Այս մասին նա հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում:

«Արաբկիրում եմ առաջադրվելու, բայց դա կլինի 4-րդ կամ 5-րդ ընտրատարածքում, դա արդեն տեխնիկական հարց է և վերապահված է որոշել կուսակցության քաղաքական խորհրդին և կուսակցության նախագահին»,- ասաց նա:

Հովիկ Շահինյանը չթաքցրեց նաև, որ ձեռքերը ծալած չի նստել և սպասում ՀՀԿ-ի որոշմանը: Մինչ ՀՀԿ-ն պաշտոնապես կհաստատի իր առաջադրումը, այս ընթացքում Հովիկ Շահինյանն արդեն համակարգում է նախընտրական կազմակերպչական աշխատանքներն իր թաղամասում:

«Այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանքներ համայնքում արդեն տարվում են: Առաջիկայում կլինի ՀՀԿ համագումարը և քննարկումների ընթացքում ավելի կհստակեցվի ամեն ինչ: Բայց այն, որ ես պատրաստ եմ մասնակցելու ընտրություններին, հստակ է: Ավելին, վերջին 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի իրավիճակ, որ ես պատրաստ չլինեմ գնալու ընտրություններին: Միշտ էլ թիմը կա, հանդիպումները կուսակից և ոչ կուսակից ընկերների հետ շարունակվում են, և շփումը, կապը մեր համաքաղաքացիների հետ՝ մշտապես ակտիվ է եղել: Եվ այդ առումով գլոբալ կազմակերպչական ծրագրերի, մասշտաբային աշխատանքներ տանելու կարիքը չկա, քանի որ դա ամենօրյա աշխատանք է, մնացածը արդեն տեխնիկական հարցեր են»:

Արաբկիրում առաջադրվող հավանական այլ թեկնածուների՝ մասնավորապես ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանի և ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանի մասին Հովհաննես Շահինյանն իմացել է մամուլից. «Ի դեպ, նաև մամուլի հրապարակումներից ինձ հայտնի է, որ այդ երկու թեկնածուներն էլ մտադիր են առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում: Բոլոր դեպքերում ողջունում եմ բոլոր թեկնածուներին, և ասեմ ձեզ, ինչքան շատ մրցակից թեկնածուներ լինեն, այնքան ավելի կազմակերպված և վերահսկելի ընտրություններ կանցկացվեն: Մենք այդ փորձն ունենք դեռևս 90-ականներից, երբ ես մասնակցում էի շրջանային խորհրդի ընտրություններին»:

Նշենք, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու իր մտադրության մասին օրերս պաշտոնապես հայտարարել է Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանը, ով 2008-ի համայնքի ընտրություններին պարտության մատնեց իր կուսակից Հովիկ Շահինյանին:

Որքանով կարող է Ալբերտ Երիցյանը լուրջ մրցակից համարվել իրեն, եթե ինքն առաջադրվի այդ ընտրատարածքում, Հովիկ Շահինյանն ասաց. «Ալբերտ Երիցյանի ևս ՀՀ քաղաքացի է և իրավունք ունի առաջադրվելու: Բայց, եթե նա կուսակցական է, ապա առաջին հերթին հասարակական կարծիքից բացի, իր առաջադրման վերաբերյալ հարցը պետք է քննարկվի կուսակցության ներսում: Չգիտեմ, ով ինչ, բայց որ յուրաքանչյուրի մրցակիցը ես եմ լինելու՝ դրանում հաստատ չեմ կասկածում»:

«Ընտրվելու շանսերս կորոշի մեր քաղաքացին, ընտրողը, բայց ասեմ, որ երբևիցե վատ շանսեր չեմ ունեցել»,-ավելացրեց նա:

Placeholder
Հ. Շահինյան. «Ալբերտ Երիցյանի առաջադրման հարցը նախ` պետք է քննարկվի կուսակցության ներսում»