Մարգար Օհանյանը սենսացիոն հայտարարություն այդպես էլ չարեց
Իրավունք
18:46 20/02/2012

Մարգար Օհանյանը սենսացիոն հայտարարություն այդպես էլ չարեց

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ երկու ժամ տևած ցուցմունքից հետո ամբաստանյալ, նախկին պաշտոնյա Մարգար Օհանյանից մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը հետաքրքրվեց` ի՞նչ սենսացիոն հայտարարություն պետք է աներ Օհանյանը, և մյուս ամբաստանյալներ Սամվել Մախմուրյանի ու Արա Լևոնյանի հետ կապված ի՞նչ պետք է հայտներ դատարանին:

Մարգար Օհանյանը նախ նշեց, որ ինքը չի խոստացել սնեսացիա անել: «Միգուցե, լրատվամիջոցները սխալ են ինձ հասկացել»,- հավելեց նա, բայց միևնույն ժամանակ չբարձրաձայնեց այն պատգամավորի անունը, որի մասին ավելի վաղ դատական նիստերից մեկում խոստացել էր:

«Նույն Մախմուրյանին, նույն Արայիկ Լևոնյանին ընդամենը կարող էին զանգահարել և ասել արի 6-րդ վարչություն (խոսքը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մասին է-հեղ.): Գալիս էին նստացնում էին, երկու հոգի էլ նստում էին հետները, տանում էին 6-րդ վարչություն: Այսինքն, էն վիճակին են հասցրել էդ մարդկանց, որ այդ բոլոր ցուցմունքներն իմ դեմ նրանք տվել են Հատուկ քննչական ծառայությունում»,- հայտարարեց Մարգար Օհանյանը:

Նա իր  ցուցմունքում չընդունեց իրեն առաջադրած մեղադրանքը և հայտարարեց, որ ինքը «պետական գույքը հափշտակողը չէ», և որ այդ մեղադրանքը իրեն «չի կպնում»: «Իմ պատիվն ու արժանապատվությունը գումարից բարձր է: Իմ պապերից բռնացրած` պետությանը վնաս չեն տվել, ես ո՞նց կարող էի վնաս տալ»,- հարցրեց Օհանյանը` ընդգծելով, որ դատարանի կայացրած վճռից հետո պատրաստ է փոխհատուցել նաև մնացյալ գումարը:

Նա ասաց, որ յուրացրած բենզինի կտրոններն իր մոտ չեն և դրանք չկան գործում որպես իրեղեն ապացույց: «Եթե այդ կտրոնները պետք է յուրացնեի իմ անմիջական ենթակաների` Ստեփան Կարախանյանի ու Արսեն Արշակյանից կվերցնեի ու կյուրացնեի, էլ ինչո՞ւ էի Արայիկ Լևոնյանից վերցնում: Ավելորդ աչք ու ականջ էի պահում, որ էսօր իմ դեմ ցուցմունք տա՞ր»,- ցուցմունքում հայտարարեց Օհանյանը` միաժամանակ հարցեր տալով մյուս ամբաստանյալներ Կարախանյանին, Լևոնյանին ու Մախմուրյանին:

Մարգար Օհանյանը վստահորեն հայտարարեց, որ այս «չարաբաստիկ» քրեական գործը «սարքված է ու ուղղորդված» իր դեմ: Նա իր խոսքում բազմիցս նշեց, որ ոստիկանության նախկին ղեկավարությունը ճնշումներ է գործադրել, որպեսզի մյուս ամբաստանյալները ցուցմունքներ տան իր դեմ:

Ե'վ դատավորը, և' դատախազը հետաքրքրվեցին` ոստիկանության ղեկավարություն ասելով մասնավորապես ո՞ւմ նկատի ունի Մարգար Օհանյանը:

«Ալիկ Սերգեյիչին, որովհետև նրա հետ եղել են կադրային նշանակումների հետ կապված տարաձայնություններ, ինչպես նաև` անձնական խնդիրներ, և այս ամենի արդյունքում իմ դեմ քրեական գործ կազմվեց»,- հայտարարեց Մարգար Օհանյանը:

Նրա խոսքերով` «ոստիկանության շտաբի պետը, 6-րդ, 7-րդ վարչությունների պետերը հորդորում էին, որ գնայի ոստիկանապետի ոտքերն ընկնեի, որ նա ինձ ներեր չգիտեմ ինչի համար: Բայց չեմ գնացել»:

Օհանյանը նաև հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործից հետո արշավ է սկսվել ոստիկանության համակարգի այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր կա'մ հարազատ են եղել իր հետ, կա'մ այս կամ այն առիթով շփվել հետը:

Օհանյանի հարցաքննությունից հետո դատարանում սկսվում է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 24-ին:

Նախորդող լուր` Մարգար Օհանյանի կալանքի տակ մնալ-չմնալու հարցը հայտնի կդառնա մի քանի ժամից 

Placeholder
Մարգար Օհանյանը սենսացիոն հայտարարություն այդպես էլ չարեց